Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ»


Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առաջարկությունների վերաբերյալ:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել էր․ - «Թերևս, հաշվի առնելով կողմերի միջև իրավիճակի լարվածությունը, հարկ կլինի դա անել փուլ առ փուլ: Եվ կարգավորման առաջին փուլի համաձայնեցման հնարավորությունները կան, դրանք ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդությամբ, որը գործել է համանախագահների ընդհանուր մոտեցումների շրջանակներում և ստացել է մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների աջակցությունը: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ հայկական և ադրբեջանական կողմերը տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումը, իսկ մենք ամեն կերպ կաջակցենք դրան»:

«Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձևավորման, լուծումների որոնման նպատակով», - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, նշել է Նալբանդյանը՝ շարունակելով․ - «Որևէ կասկած չկա, որ վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը, և դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին նշել են նաև համանախագահները, այդ թվում՝ նաև Լավրովը. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ»:

«Ինտերֆաքս»-ի խնդրանքով գնահատելով, թե որքանո՞վ է իրատեսական, որ Վիեննայի նշված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է․ - «Այն, որ համանախագահ երկրների նախարարներն առաջին անգամ ներկա էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին, ցույց է տալիս, թե համանախագահ երկրներն ինչպիսի հատուկ կարևորություն են տալիս նոր լարվածության կանխարգելմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար: Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG