Մատչելիության հղումներ

Իշխանությունն ու ընդդիմությունը չեն բացառում 4+4+4 ձևաչափով բանակցությունները վերսկսումը


Խորհրդարանը 94 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը, և վաղն արդեն նախատեսվում է երրորդ ընթերցմամբ քննարկումը:

Այդուհանդերձ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն «Ազատության» հետ զրույցում չբացառեց ընդդիմության հետ փոխհամաձայնության գալու հնարավորությունն անգամ օրենքի ընդունումից հետո․ - «Չեմ բացառում, հաշվի առնելով նաև, որ Ընտրական օրենսգիրքը բարդ է և լայնածավալ է, նաև եղել են առաջարկություններ, որոնք հիմնական զեկուցողը կամ հեղինակը չի հասցրել դեռևս ուսումնասիրի, որպեսզի նաև իրացվի, ես չեմ բացառում, որ արտահերթ ընթացակարգով երրորդ ընթերցումը մենք քննարկենք»։

Թեև ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանության հետ 4+4+4 ձևաչափով քննարկումներն արդյունք չտվեցին, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը պնդում է, թե փոխհամաձայնություն եղել է, և նրանց առաջարկներից շատերն են տեղ գտել օրենքի նախագծում․ - «Իմ կարծիքով, այո: Որովհետև այն քննարկումները, այն մոտեցումները, որոնք մենք կարողացել ենք իրացնել, ես կարծում եմ, մեծ մասամբ ստացվեց: Հաշվի առնելով նաև, որ քննարկումները շարունակվում են, նաև այն, որ մենք պատրաստ ենք հետագայում նույնպես քննարկել դա՝ եթե անհրաժեշտություն լինի, և գանք կոնսենսուսի, գանք ավելի լայն ընդհանրությունների, մենք հնարավորություն ունենք դա իրացնելու Ընտրական օրենսգրքի մեջ՝ լրացումներ կամ փոփոխություններ առաջարկելով»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, հակառակ տեսակետն է պնդում՝ իրենց միասնական 5 առաջարկները չեն ընդունվել․ - «Ոչ ոք չի կարող այդ ձայները, այդ «մեծամասնության» քվեարկությունը հռչակել որպես լայն կոնսենսուս։ Իրականում բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե այդ ձայները ինչպես են ձեռք բերվել, բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանում, բացի իշխող կոալիցիայից, ոչ մի քաղաքական ուժ իր համաձայնությունը այս Ընտրական օրենսգրքին չի տվել»:

Զուրաբյանը, սակայն, նույնպես չի բացառում 4+4+4 ձևաչափով բանակցությունների վերսկսումը․ - «Ո՛չ երաշխիք եմ տալիս, ո՛չ ինչ-որ մեկին ուզում եմ հուսադրել: Ես ընդամենը ասում եմ, որ իշխանություններն էլ են հրապարակային հավաստիացումներ տալիս, որ իրենք պատրաստ են շարունակել կոնսենսուսի բանակցությունները, մենք էլ: Իսկ դա նշանակում է, որ շատ հնարավոր է, որ ինչ-որ պահից մենք վերսկսենք 4+4+4 ֆորմատով բանակցությունները և ի վերջո փորձենք գալ կոնսենսուսի»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը էական չի համարում իշխանության և ընդդիմության միջև այս հարցով բանակցությունների վերսկսումը՝ համոզված լինելով, որ այս անգամ ևս իշխող Հանրապետականը իրեն հարմար փաստաթուղթ կունենա:

Նախագծին առաջին և երկրորդ ընթերցումների ժամանակ դեմ քվեարկած Փոստանջյանը սպասելի էր համարում իշխանության ձեռագիրը․ - «Դե իրենք փորձում են դա մատուցել: Իհարկե, դա այդպես է, բայց դա դեռ չի նշանակում, որ կա կոնսենսուս և այդ փաստաթուղթը ընդունելի է բոլորի համար: Ընդհակառակը՝ փաստաթուղթը մերժված է գրեթե բոլորի կողմից: Իրենք են այդ փաստաթղթի հեղինակները, և այդ փաստաթուղթ միայն իրենց համար է: Իրենցից տրամադրվածություն և դրական առաջարկ, իհարկե, մենք չենք սպասում»:

XS
SM
MD
LG