Մատչելիության հղումներ

Բակային զրուցարանը բողոքի ու փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել


Արշակունյաց 46 և 46/1 շենքերի մի շարք բնակիչներ քաղաքապետարանից պահանջում են ապամոնտաժել իրենց բակերի զրուցարանի փոխարեն կառուցված երկաթյա շինությունը։ «Ազատության» հետ զրույցում պնդեցին՝ սեփականատերը նախկին ոստիկան է, կինն էլ՝ քաղաքապետարանի աշխատակից։

Քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետի ստորագրությամբ օրերս նամակ են ստացել, ըստ որի՝ շինությունը համարվել է ապօրինի, իրավախախտողն էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Շենքի բնակիչները դժգոհում են՝ քաղաքապետարանն իր աշխատակցին միայն տուգանելով ժամանակ է շահում, որպեսզի հասցնի ապօրինի շինությունն օրինականացնել, մինչդեռ իրենք պահանջում են կառույցն ապամոնտաժել ու վերադարձնել իրենց զրուցարանը։

«Քառասուն տարվա խաղողի մատեր էր տնկած, լրիվ ծածկված էր՝ վերևը տրուբաներով թառմա էր սարքված։ Մարդիկ նստում էին, խոսում էին․․․ մեր շենքը առանց այն էլ բակ չունի, հնարավորություն չկա մարդիկ իջնեն ներքև։ Թող քանդեն՝ տեղը մեր բեսեդկան վերականգնեն», - ասում էին բնակիչները։

17 բնակչի ստորագրությամբ բողոք-պահանջն «Ազատության» զրուցակիցներն ուղարկել են գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնյաներին, անգամ նախագահին, բայց դրանք կրկին հետ են ուղարկվել քաղաքապետարան։

«Տարոն Մարգարյանին, պարոն Մարգարյանին, որ մի ժամանակ ասում էին՝ արդար մարդա, ամեն ինչ ժողովրդի համարա անում, ոչ մի բան՝ գրել եմ, չեն պատասխանել։ Նախագահին եմ գրում՝ պարոն Սերժ Սարգսյանին, ու ինչա՞ գրում՝ գրությունն ուղարկված է Երևանի քաղաքապետարան։ Է՜, քաղաքապետարանն է կաշառված», - նշում էին բողոքող քաղաքացիները։

Բնակիչների բողոքը նաև Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին է հասել։ Նա էլ այն ուղղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն առայսօր պատասխան չի ստացել։ Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է՝ նամակը ստացած բոլոր պաշտոնյաները խախտել են ստուգումների մասին օրենքը, ըստ որի արգելվում է բողոքը հասցեագրել այն մարմնին, որից դժգոհություն կա։ Բախշյանի ձեռքի տակ է նաև օրերս քաղաքաշինության նախարարությունից բնակիչներին ուղղված պատասխանը, որում քաղաքապետին առաջարկվում է կասեցնել ինքնակամ շինարարական աշխատանքներն ու օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացումը։ Ավագանու ընդդիմադիր անդամը պարզել է, որ ապօրինի շինության սեփականատիրոջ կինը քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալն ու Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է։ Բախշյանը հորդորում է վարչապետին կոռուպցիայի դեմ պայքարը սկսել այստեղից։ Ասաց՝ գուցե Նաղդալյանի անո՞ւնն է ստիպել չքանդել շինությունը։

«Էդ ցանկում առաջինը Հերմինե Նաղդալյանն է, տասներորդը՝ Անտոնյան Գայանեն է։ Եվ իմանալով, ընդհանրապես, իրենց ձեռագիրը կուսակցության ներսում, միշտ իրենք իրար թիկունքի կանգնում են, իրար խնդիրները լուծում են», - մեկնաբանեց Բախշյանը։

Շինության սեփականատեր Գայանե Անտոնյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենց տան նախկին սեփականատիրոջն է պատկանել այդ զրուցարանի տարածքը, տասներկու տարի առաջ բնակարանը գնելիս նաև այդ տարածքն է իրենց անցել։ Ասաց՝ խաղողի վազերը չորացած են եղել, կանաչ տարածք էլ չի եղել։ Երկաթյա շինությունն էլ, պնդեց, բնակիչների համար ծառայելու է որպես բջջային կապի օպերատորներից մեկի գրասենյակ։

«Իրենք սուտ են խոսում։ Բետոնյա տարածքա եղել։ Էդտեղ ոչ ծառ կա, ոչ խոտ կա։ Ինչքան բան կար՝ տղաներ և այլն, հայհոյում էին, խմում էին, դրա համար էդ նստարան-աթոռը էդտեղից հանվեց», - պատմեց Անտոնյանը, - «Եգոր Գասպարյան․ ինքնա կազմակերպել։ Այդ մարդը՝ Եգոր Գասպարյանը, 60,000 դոլար շանտաժա անում և իրա խնայդրամարկղի տարածքը, որը հասարակական նշանակության օբյեկտա մինչև օրս, ուզումա վաճառի մեզ։ Հիմա, եթե այսքանից հետո, երեք անգամ ասելուց հետո տիկին Բախշյանը այդպես է ասում, ուրեմն ինքը Եգոր Գասպարյանի հետ հավասար շահ ունի»։

Բնակիչ Եգոր Գասպարյանը իր հասցեին ուղղված մեղադրանքները հերյուրանք որակեց․ - «Տան վաճառքի մասին ինքնա առաջարկել, որ՝ ես քո տունը կառնեմ։ Ես ոչ մեկին ըտենց բան չեմ ասել, ոչ մեկ չի կարա դա ապացուցի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG