Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը բավարարված է հանդիպման արդյունքներով


«Ես չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր», - լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը։

Պաշտոնական Երևանն առաջարկել է մինչև Ալիև-Սարգսյան հաջորդ՝ հունիսին նախատեսված հանդիպումը հաստատել հրադադարի պահպանման ԵԱՀԿ-ի մշտադիտարկումը: Այս մասին հայտնել է Սերժ Սարգսյանը՝ երեկ ուշ գիշերին Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

Հայաստանի նախագահի խոսքով, սա երկուստեք կառուցողական մոտեցում կլինի։ «Մենք չենք խոսել բանակցությունների մասին, իհարկե խոսք եղել է, որ լավ կլինի, որ տեսանելի ապագայում հանդիպում լինի, բայց որևէ պայմանների մասին չենք խոսել։ Մենք խոսել ենք հրադադարի ռեժիմի պահպանման մասին, և ես ցանկություն եմ հայտնել, որ եթե լինելու է հանդիպում, ապա լինի մոնիթորինգի հաստատումից հետո», - ասել է նախագահը։

Երեկվա հանդիպումից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը հայտարարեցին, թե հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նախագահները համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը: Սերժ Սարգսյանի խոսքով, Ալիևը չի առարկել, միայն թե Հայաստանի նախագահին դա դեռ շատ հավատ չի ներշնչում։

«Ադրբեջանի նախագահը, նայելով համանախագահներին և ինձ, ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը։ Վստահ եմ՝ պատկերացնում եք իմ պատասխանը, բայց սա է։ Ադրբեջանի նախագահն այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը։ Լավ վիճակ չի, բայց իրական վիճակը դա է», - ասել է Հայաստանի նախագահը։

Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը բավարարված է հանդիպման արդյունքներով, միաժամանակ, ասել է, եթե Ադրբեջանը դրժի խոստումը՝ խախտելով հրադադարը, Հայաստանը համարժեք պատասխանելու է։ «Ես չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահը։

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ասել է, որ կարող է օգտագործել «հաղթանակ» բառը՝ ամփոփելու ապրիլյան իրադարձությունները, բայց ամենաճիշտ ձևակերպումն է, որ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ ձախողելով հակառակորդի ծրագիրը՝ ճեղքել ու քայքայել հայկական ճակատը:

Միաժամանակ, սակայն, Սերժ Սարգսյանը նորից հաստատել է տարածքային կորուստները՝ արդեն կոնկրետ թիվ նշելով։ «Հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա, ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո՛, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են», - ասել է նա։

Հայաստանի նախագահը լրագրողներին վստահեցրել է, որ զինված ուժերն ի վիճակի էին վերականգնել այդ ստատուս քվոն, բայց ընտրության խնդիր էր։ «Արդյո՞ ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ - «Երևանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս։ Ես էդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան վերցնեն»։

Ինքնաթիռում անցկացված հարցազրույցում չեն շրջանցվել նաև պետական միջոցների խնայողաբար ծախսման, կոռուպցիայի դեմ պայքարի թեմաները, որ ապրիլյան ռազմական գործողություններից ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին ելույթից հետո նորից դարձան քննարկումների առարկա:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ինքը դեռ փետրվարին է խոսել այս մասին՝ առանց կանխատեսելու այս իրավիճակը։ «Ես խոսել եմ, երբ որ մենք նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումներ։ Դա նշանակում է փոփոխությունների սկիզբ։ Ես հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ՝ մենք պետք է հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնի», - ասել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG