Մատչելիության հղումներ

Քերրին և Լավրովը մտադիր են Վիեննայում վերահաստատել հրադադարը


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կփորձեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վիեննայում անցկացվելիք բանակցություններում կայունացնել իրավիճակը շփման գծում և վերահաստատել հրադադարը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին Վիեննայում տված բացառիկ հարցազրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ.

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, պարոն Ուորլիք: Բոլորը սպասում են ձեր խոսքին՝ ի՞նչ է այժմ կատարվում այստեղ, Վիեննայում: Այսօր այստեղ ղարաբաղյան հարցով բանակցություններ են սպասվում, կարո՞ղ եք մեզ մի քանի բառով պատմել, թե ինչ է կատարվում:

Ուորլիք․ - Այո, հանդիպում է նախատեսված, որին կմասնակցեն Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, պետքարտուղար Քերրին և Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեզիրը, ովքեր կհյուրընկալեն նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը: Եվ մենք հույս ունենք, որ արդյունավետ քննարկում տեղի կունենա:

«Ազատություն»․ - Շատերն են այժմ խոսում, որ երկու նախագահների հանդիպման հարցը վերջնականապես վճռված չէ, վստահ չեն, որ նախագահները կհանդիպեն: Ի՞նչ կասեք այդ մասին, դուք հանդիպում սպասո՞ւմ եք:

Ուորլիք․ - Մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները հանդիպումներ կունենան պարոն Լավրովի, պետքարտուղար Քերրիի, նախարար Դեզիրի հետ:

«Ազատություն»․ - Եվ հույս ունեք, որ երկու նախագահները կհանդիպե՞ն: Մեկ այլ հարց՝ մենք գիտենք, որ նախագահ Սարգսյանը, նախքան համաձայնելը այս հանդիպմանը, որոշ, ինչպես ինքն է ասել՝ ոչ թե նախապայմաններ, այլ առաջարկություններ է արել: Մասնավորապես, որպեսզի միջազգային հանրությունը հետևի, որ հայկական դիրքերի վրա նոր հարձակումներ չլինեն: Նա ասել է, որ կարող է համաձայնել վերսկսել բանակցությունները միայն այդ պայմաններով՝ որպեսզի միջազգային հանրությունը երաշխավորի անվտանգությունը: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

Մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են ...
Ջեյմս Ուորլիք

Ուորլիք․ - Մենք այս երեկո շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ: Առաջինը և ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են: Մենք նաև ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների մասին: Մենք ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման միջոցները, ինչպես նաև անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը համապարփակ կարգավորման ուղղությամբ:

«Ազատություն»․ - Հակամարտության ապրիլյան սրացման պատճառով բազմաթիվ զոհեր եղան, մեծ վնաս պատճառվեց, մարդիկ ստիպված էին լքել իրենց տները հրադադարի խախտումների պատճառով: Այնտեղ մարդասիրական ճգնաժամ է՝ առնվազն շփման գծի մերձակա գյուղերում: Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը լրջորեն բարձրացնի այս խնդիրը:

Ուորլիք․ - Այս սրացումը հակամարտության ամենալուրջ բռնկումն էր հրադադարի հաստատումից ի վեր: Ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Մենք ցանկանում ենք կանխել դա և այսօր այստեղ ենք նաև որպեսզի ուղիներ փնտրենք դա կանխելու համար: Պետքարտուղար Քերրին և նրա գործընկերները հենց այդ պատճառով են այստեղ, մենք ցանկանում ենք աշխատել երկու նախագահների հետ և ուղիներ գտնել համապարփակ կարգավորման:

«Ազատություն»․ - Բուն փաստը, որ պետքարտուղար Քերրին այդքան ներգրավված է այս խնդրում, ցույց է տալիս, թե նա որքան մտահոգված է սրանով, այնպես չէ՞:

Ուորլիք․ - Նա նախկինում էլ է շատ ակտիվ եղել: Ես հիշում եմ, որ պետքարտուղար Քերրին երկու նախագահների հետ հանդիպում ունեցավ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Նա նաև ուրախ է, որ այսօր իրեն է միացել պարոն Լավրովը, ինչպես նաև Ֆրանսիայից Հարլեմ Դեզիրը: Երեք նախարարները միասին պայմանավորվել են, թե ինչի մասին են խոսելու երկու նախագահների հետ:

«Ազատություն»․- Ինչպիսի՞ն է լինելու հանդիպման ֆորմատը: Երեք նախարարները և երկու նախագահները միասի՞ն են նստելու, բոլորը մեկ սենյակո՞ւմ:

Ուորլիք․ - Այո, բոլորը մեկ սենյակում: Եվ մենք հույս ունենք, որ շատ դրական քննարկում է լինելու: Հույս ունեմ, որ կկարողանամ հանդիպումից հետո հայտարարել, որ մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG