Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այսօր մի քանի ժամ տևած բուռն քննարկումների արդյունքում դրական եզրակացություն չտվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին:
Հանձնաժողովի անդամներից միայն Թևան Պողոսյանը քվեարկեց նախագծին դրական եզրակացություն տալուն, ևս մեկ պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը, դեմ քվեարկեց, հանձնաժողովի մյուս անդամները չքվեարկեցին:
Այժմ խորհրդարանում քննարկվում է օրենքի նախագիծը Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը:
Օրինագիծն ունի երկու հոդված՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը», և «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»: Հիշեցնենք՝ կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն տվեց նախագծի վերաբերյալ եզրակացությանը, որում նման օրենքի ընդունումը պայմանավորվում է «Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները», և օրինագիծն ուղարկեց խորհրդարան: