Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ և ադրբեջանցի մարզիկների միջև ընթացող մենամարտերից մեկի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին:
Այնուհետև, նրան միացել է նաև ադրբեջանցի մարզիկը, ով ռինգի մեջ թիկունքից հարվածում էր Դավիթ Պետրոսյանին, ինչից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա:
Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:
Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է: