Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ամբողջությամբ կարգելի թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծումը


Ռուսական ինքնաթիռի խոցումից անգամ մեկ ամիս անց թուրքական պտուղ-բանջարեղենը ռուսաստանյան խանութներում առատորեն վաճառվում էր
Ռուսական ինքնաթիռի խոցումից անգամ մեկ ամիս անց թուրքական պտուղ-բանջարեղենը ռուսաստանյան խանութներում առատորեն վաճառվում էր

Ռուս պաշտոնյաների հավաստմամբ, թուրքական մրգերի ու բանջարեղենի ներկրման ամբողջական արգելքը շուկայում դեֆիցիտ չի ստեղծի և գների վրա չի ազդի:

Ռուսաստանը մտադիր է եկող շաբաթվանից ամբողջովին արգելել Թուրքիայից բոլոր տեսակի բանջարեղենի և մրգերի ներմուծումը: «Ռոսսելխոզնադզոր»-ը պատճառաբանել է, թե թուրքական կողմը չի պահպանում բուսասանիտարական նորմերը: Հավանական է, որ որոշումն ընդունվի գալիք երկուշաբթի՝ մայիսի 16-ին:

Առանց այդ էլ թուրքական միրգ-բանջարեղենից Ռուսաստան ներմուծելու քիչ բան էր մնացել: «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել է, որ Թուրքիայից միայն լիմոն, գրեյփֆրութ ու դդմիկ է ներմուծվում: «Մենք կարծում ենք, որ դա էլ է ավելորդ, և կփակենք մեր դարպասները թուրքական բոլոր տեսակի մրգերի ու բանջարեղենի դիմաց»,- հայտարարել է Դանկվերտը: Նրա օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն էլ «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում հավաստիացրել է, որ թուրքական մրգերի ու բանջարեղենի ներկրման ամբողջական արգելքը շուկայում դեֆիցիտ չի ստեղծի և գների վրա չի ազդի:

«Ռուսական շուկայի համար արդեն վաղուց Թուրքիան միրգ-բանջարեղենի խոշոր մատակարարող չէ, բայց դուք տեսնում եք, որ որևէ դեֆիցիտ չկա»,- ասել է Ալեքսեենկոն: Նրա կարծիքով, թուրքական գյուղմթերքի տեղը կարող են զբաղեցնել Իրանի միրգն ու բանջարեղենը: «Ռուսական պարենային շուկայում հայտնվել է ևս մեկ հզոր խաղացող՝ դա Իրանն է: Իրանը գյուղմթերքների շատ խոշոր արտադրող է»,- ասել է «Ռոսսելխոզնադզոր»- ի պաշտոնյան:

Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ մոտ ապագայում Իրանի հետ «կանաչ միջանցքի» պայմանագիր է ստորագրվելու: Նա ասել է, թե մտահոգություններ չունեն, որ Իրանի միջոցով կարող են երրորդ երկրների ապրանքներ արտահանվել Ռուսաստան: «Իրանը ոչ թե խոսքով, այլ փաստացի հաստատել է, որ չափազանց շահագրգռված է սեփական ապրանքները Ռուսաստան առաքելու մեջ, և մեզ լիարժեքորեն հավաստիացրել է, որ երրորդ երկրներից որևէ ապրանք Իրանի միջոցով Ռուսաստան չի արտահանվի»,- ասել է մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավարը:

Նա նշել է, որ երբ «Ռոսսելխոզնադզոր»-ը ընդունի թուրքական միրգ-բանջարեղենի ներմուծումը 100 տոկոսով արգելելու որոշումը, մաքսային ծառայությունն ավելի կուժեղացնի վերահսկողությունը: Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ռեէքսպորտին՝ երրորդ երկրների միջոցով Ռուսաստան առաքելու հնարավորություններին, ապա Բելյանինովն ասել է, թե ուղիները հայտնի են, հարցն էլ բարձրացվելու է հունիսի վերջին կայանալիք Եվրասիական տնտեսական միության կոլեգիայում և ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին 2015-ի նոյեմբերին, երբ թուրքական օդուժը Սիրիայի սահմանի մոտ ռուսական ռմբակոծիչ խոցեց: Այդ դեպքից հետո Ռուսաստանը Թուրքիայի դեմ տնտեսական, առևտրային և ճամփորդական պատժամիջոցներ գործադրեց: Ապրանքների ներմուծման արգելքն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարի 1-ից:

Daily Sabah թերթում տնտեսագետ Մուամեր Քյոմուրչուօղլուն ասել է, որ տարվա սկզբից նկատելի է ռուսական պատժամիջոցների ազդեցությունը պարենային ապրանքների գների վրա: «Պատժամիջոցների ընդլայնումը սղաճի ռիսկն ավելի ակնհայտ կդարձնի»,- նշել է նա:

Թուրքիայից մրգերի և բանջարեղենի Ռուսաստան արտահանման ծավալն այս տարվա առաջին երեք ամսվա տվյալներով 222 միլիոն դոլարից նվազել է 64,5 միլիոն դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG