Մատչելիության հղումներ

Թոմ դե Վաալ․ «Ռազմական նոր գործողությունները հեշտությամբ կարող են վերաճել մեծ հակամարտության»


«Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության վակուումային գոտի է բացվել և այդ վակուումը կարող է լցվել միայն լուրջ, խաղաղ բանակցություններով, կամ նոր պատերազմով», - Politico հանդեսում գրել է կովկասյան հարցերով բրիտանացի հայտնի փորձագետ Թոմ դը Վալը:

Թոմ դե Վաալը նշում է, որ ապրիլի սկզբի չորսօրյա բռնությունները բորբոքել է Լեռնային Ղարաբաղի հին հակամարտությունը:

«Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հայաստանը և Ադրբեջանը 2-3 քայլ են հեռու բոսնիական սցենարի հակամարտության կրկնությունից, ինչը կարող է ավերիչ լինել ամբողջ տարածաշրջանի համար», - գրել է փորձագետը:

Համառոտ շարադրելով ղարաբաղյան հակամարտության պատմությունը, վերջին շրաջանի ռազմատենչ հայտարարությունները, սպառազինությունների մրցավացքը՝ Թոմ դը Վաալը գրում է, որ ապրիլի 2-ին հրադադարն ի վերջո խախտվեց ու հավանական վարկածով՝ Ադրբեջանը փորձեց ստուգել հայկական կողմի պաշտպանությունը, ինչպես նաև ստիպել նրանց բանակցությունների գնալ թուլացած դիրքորոշմամբ:

«Ադրբեջանը վերականգնեց կորցրած տարածքների որոշ փշրանքներ ու ընկած հպարտությունը: Բայց մարդկային կորուստների գինն էր մեծ: Պաշտոնական տվյալներով՝ մի քանի տասնյակ մարդ է զոհվել, սակայն փորձագետների կարծիքով զոհերի թիվը մոտավորապես 200-ն է, ներառյալ քաղաքացիական անձինք», - գրում է նա, ընդգծելով, որ չորսօրյա պատերազմը բորբոքեց փոխադարձ ատելությունն ու սրեց անվստահությունը:

«Ադրբեջանցիները 20 տարի առաջ կրած պարտության պատճառով մինչև հիմա նվաստացած էին զգում: Հիմա ամբողջ երկրով մեկ հայրենասիրական էյֆորիայի վերելք է սկսվել, ինչը հարմար միջոց է բնակչության ուշադրությունը շեղելու սոցիալ-տնտեսական ճգնաժամից, որի ընթացքում ազգային արժույթը՝ մանաթը, արժեզրկվել է երկու անգամ», - գրում է նա՝ տագնապալից համարելով, որ նման հարձակման փորձ կատարելու գայթակղությունը շատ մեծ է:

«Ազգայնական էմոցիաների բռնկում նկատելի է նաև Հայաստանում: Հանկարծակի պատերազմից երկիրը ապրեց սփաթեցնող մի քանի օր: Երիտասարդ հայերը կամավոր մեկնեցին ճակատային գիծ»,- ներկայացնում է Թոմ դե Վաալը:

«Հաշվի առնելով երկու կողմերում առկա սպառազինությունների ահռելի քանակը, ռազմական նոր գործողությունները հեշտությամբ կարող են վերաճել մեծ հակամարտության, որը կարող է շատ ավելի աղետալի լինել, քան 1991-94 թվականների պատերազմը», - զգուշացնում է փորձագետը՝ անդրադառնալով նաև հարևան երկներին․ - «Բաքուն և Երևանը կարող են վկայակոչել համապատասխանաբար՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ կնքած ռազմական օգնության պայմանագրերը: Նրանից ոչ մեկը չի ցանկանում ներգրավվել, բայց նրանք ուժեղ ճնշման տակ կլինեն տարածաշրջանում իրենց պարտավորությունները կատարելու պահանջով»:

Թոմ դե Վաալը նշում է, որ մյուս հարևանները ևս մտահոգված են, մասնավորապես Վրաստանը, որտեղ հայերն ու ադրբեջանցիները երկրի ամենախոշոր ազգային համայնքներն են: Հնարավոր է թիրախ դառնալ նաև երկրի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը:

Դիտարկելով տարածված կարծիքը, թե Ռուսաստանը կարող է փակել անվտանգության ստեղծված վակումը և կառավարել հակամարտությունը, Թոմ դե Վաալը նշում է, որ կրակը դադարեցնելու՝ ապրիլի 5-ի բանավոր պայմանավորվածությունից հետո Ռուսաստանը քիչ բան է արել:

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանը միջնորդական դերակատարություն է ցուցաբերում միաժամանակ ապակայունացնում հակամարտությունը: Ռուսաստանը երկու կողմին զենք է վաճառում»,- նշում նա, հավելելով, որ ըստ գնահատականների՝ Ադրբեջանը իր սպառազինությունների 85 տոկոսը ստանում է Ռուսաստանից, որը ռազմական ոլորտում Հայաստանի դաշնակիցն է: Ըստ փորձագետի՝ հավասարակշռության խաղը նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող Ղարաբաղում օրակարգ ձևավորել:

«Թե՛ Բաքուն, թե՛ Երևանը հոռետես են Ռուսաստանի մտադրությունների հանդեպ, հատկապես Հայաստանում հակառուսական նոր տրամադրությունները զգալի են: Քանի որ Ռուսաստանը տեղում ռազմական ներկայություն և խաղաղ գործընթացում մենաշնորհ չունի, երկու երկրները կարող են արգելափակել տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու համար խաղաղապահ զորքեր տեղադրելու՝ Ռուսաստանի պլանները», - նշում է նա:

Ըստ Թոմ դե Վաալի՝ սխալ է տարածված այն կարծիքը, որ եթե վիճակը շատ վատանա Ռուսաստանը ի վիճակի կլինի շտկել այն: - «Դա մարտահրավեր կլինի ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք բավարար քայլեր չեն կատարում ապահովելու հավասարակշռությունը»,- նշում է նա:

Փորձագետը զգուշացնում է՝ եթե հիմա բանակցություններում առաջընթաց ձեռք չբերվի, մարտական գործողությունները հնարավոր է վերսկսվեն հունիսի վերջին, երբ Բաքվում ավարտվեն «Ֆորմուլա 1» դասի երկար սպասված միջազգային մրցումները․ - «Կարելի է միայն հուսալ, որ Կովկասում ավելի ակտիվ հակամարտության հեռանկարները և տարածաշրջանի համար դրանց վտանգավոր հետևանքները կստիպեն կենտրոնանալու այդ հակամարտության կարգավորման վրա, ինչը շատ երկար անտեսվել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG