Այդ օրինագծով առաջարկվում է մեկ տարով հետաձգել մասնավոր հատվածից կենսաթոշակային վճարի գանձումը։
Ժամանակին այս համակարգի ներդրման միջոցով ապահով ծերություն խոստացող կառավարությունը մայիսի 5-ին տեղի ունեցած նիստում հավանություն էր տվել այս առաջարկին և այն ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։ Հիշեցնենք՝ 2017-ի հուլիսից պարտադիր բաղադրիչը պետք է տարածվեր նաև մասնավոր հատվածի վրա։ Վարչապետը, սակայն, առաջարկել էր մեկ տարով հետաձգել այն։
Կուտակային կենսաթոշակային համակարգը քաջալերող Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը դրական է համարում այն հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակային համակարգը չի չեղարկվում, այլ ընդամենը մեկ տարով հետաձգվում է:
«Հասկանում ենք, որ այս ամենի պատճառներից մեկն էլ հարկաբյուջետային ճնշումներն են: Սակայն, պետք է հետևել ստանձնած պարտավորություններին, քանի որ այս ճանապարհով հնարավոր է բարելավել Հայաստանում երկարաժամկետ խնայողություններ անելու գործը: Եվ շարունակում ենք հավատալ, որ այն, ի վերջո, իրականություն կդառնա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչը:
Հայաստանի կենսաթոշակային ակտիվները կառավարում են եվրոպական երկու մասնավոր հիմնադրամներ՝ ֆրանսիական Amundi և գերմանական C-Quadrat ընկերությունները: Պաշտոնական տվյալներով, 2016-ի մարտի դրությամբ, կուտակային կենսաթոշակների համար վճարներ է կատարում ավելի քան 143 հազար մարդ: Մինչդեռ տարիներ առաջ կառավարությունը կանխատեսում էր, որ այդ թիվը կմոտենա 270 հազարին:
Սանչեսը, այդուհանդերձ, կարծում է, որ անգամ 143 հազարի պարագայում, աշխատելու համար անհրաժեշտ «կրիտիկական զանգվածը» ձևավորված է․ այժմ պետք է թերևս որոշ շտկումներ անել բիզնես ծրագրերում: «Պետք է հարմարվեն նոր իրականությանը: Սա շատ բարդ համակարգ է և շատ երկրներում այն կայացման համար երկար ժամանակ է պահանջում»:
ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը նախօրեին հայտարարեց, որ մոտ 2 տարում հավաքվել է ընդամենը 36 միլիարդ դրամ: Անցած տարի էլ կառավարիչները հայտարարեցին, որ հարյուրավոր միլիոնների վնաս են կրել: Ստացվում է, որ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո էլ՝ մինչև 2018 թվականը, կուտակային հիմնադրամները կառավարող ընկերությունները նորից չեն ստանա ակնկալվող եկամուտները:
Արդեն իսկ շրջառվում են լուրեր, թե կառավարիչները մտածում են Հայաստանից հեռանալու մասին: ԱՄՀ-ի ներկայացուցիչը, սակայն, հույս ունի, որ նրանք, այդուհանդերձ, չեն լքի Հայաստանը, և համակարգը չի փլուզվի՝ «Սա մեկ կամ երկու տարվա բիզնես չէ: Կայացման հարցում պետք է ներգրավվի և՛ կառավարությունը, և՛ կառավարիչները, և՛ ժողովուրդը»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ենթադրում է, որ ստեղծված իրավիճակում ֆոնդերի կառավարիչները Հայաստանից կհեռանան, քանի որ նրանց բիզնես-նպատակներն այսօր պարզապես ձախողվում են Հայաստանի իշխանությունների մեղքով:
«Հայաստանում միջին աշխատավարձը 180.000 դրամ է, 5 տոկոսը՝ ամսական 9000 դրամ: Այսինքն՝ մոտ 20 դոլար: Այսինքն՝ 20 դոլարի չափով մոտ 200.000 մարդ՝ ամսական: Դա որ հաշվում ենք, ստացվում է 4 միլիոն դոլար: Ամսական լրացուցիչ 4 միլիոն դոլարի ֆինանսական միջոցներից, եկամուտներից, մուտքերից հրաժարվում են: Իսկ հիմա մեկ ուրիշ հարց՝ այդ կառավարիչներն արդյո՞ք չունեին պայմանագրեր տարբեր այլ ընկերություններում, կամ ներդրումներ կատարելու պայմանագրեր չունեին, որովհետև, ասում էին՝ հայտնի միջազգային ընկերություններ են, որոնք Apple-ում, Pepsi-ում, մեր ավանդներում, պարտատոմսերում ներդրումներ ունեն: Հիմա ո՞նց է լինելու այդ պայմանավորվածությունները, չէ՞ որ դրանք երկարաժամկետ պայմանավորվածություններ են»,- հարցեր է հնչեցնում տնտեսագետը:
Իսկ եթե կառավարիչներն անգամ այս իրավիճակում, երբ նորից փոխվում են խաղի կանոնները, շարունակեն լռել, ապա, ըստ Խաչատրյանի, անհանգստանալու շատ լուրջ առիթ կունենան արդեն նրանք, ովքեր, անկախ իրենց կամքից, ստիպված են եղել վստահել իրենց աշխատավարձերի 5 տոկոսները այս ֆոնդերին:
«Եթե իրենք շարունակեն այս ձևով աշխատել, ուրեմն իրենք լուրջ մարդիկ չեն, չափից ավելի մեծ առավելություն կամ հնարավորություն ենք տվել, որ այդ հիմնադրամները աշխատեն: Բայց էն մարդիկ, ովքեր պայքարում էին և հիմա դարձել են այդ համակարգի անդամ, գոնե կարող են հարցադրումներով կամ հրապարակային իրենց դիմումներով կառավարիչներին անհանգստացնել աւ ասել՝ լավ, ի՞նչ եք ուզում անել: Անգամ ավտորիտար Ռուսաստանում խուսափեցին պարտադիր կուտակային համակարգից»,- ասում է Խաչատրյանը:
Ի սկզբանե պարտադիր համակարգին ընդդիմացող տնտեսագետը կրկին պնդում է՝ Հայաստանը պատրաստ չէր այս ձևով համակարգի ներդրմանը, իսկ հիմա օրենքում փոփոխություններ անելով՝ իշխանությունները փորձում են մի գնդակով երկու նապաստակ սպանել, նախ՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ սա «սոցիալական նոր բունտից խուսափելու հնարավորություն է», երկրորդը՝ կառավարությունն իր ծախսերն է կրճատում՝ ազատվելով 5 տոկոս վճարելու պարտավորությունից: «Ինչի՞ գլուխները ցավի տակ դնեն, թող սպասեն մեկ տարի կամ երկու տարի: Բայց համակարգը կվարկաբեկվի»,- շարունակում է Վահագն Խաչատրյանը:
«Ազատությունը» պարզաբանումների խնդրանքով հարցում է ուղարկել կուտակային հիմնադրամների կառավարիչներին: Վերջիններս խոստացել են պատասխանել հաջորդ շաբաթվա ընթացքում: