Խորհրդարանն այսօր սկսեց «Հրազդան ցեմենտ» ընկերությանը ավելի քան կես միլիարդ դրամի տույժերից ազատելու մասին Կառավարության աղմկահարույց օրենսդրական նախագծի քննարկումը:
Փետրվարին հավանություն տալով «Հրազդան ցեմենտ»-ին 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած 510 միլիոն դրամի տույժերից ազատելու մասին որոշման նախագծին, Կառավարությունը պատճառաբանել էր, թե դրա ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը։ Հրազդանի ցեմենտի գործարանը, հիշեցնենք, պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովի «Միկա լիմիտեդ» ընկերությանը։ Պարտքերի պատճառով գործարանն անցել է ՎՏԲ բանկին։
Փաստաթուղթը խորհրդարան է գալիս արդեն չորրորդ անգամ՝ առանց փոփոխությունների: Երրորդ ընթերցմանն այն տապալվեց:
Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ուղղակի կապ է տեսնում Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ու այս նախագծի ճակատագրի միջև:
«Պարզապես պատժում են Հրազդանի բնակչությանը, որ ընտրեցին իշխանության ներկայացուցչին: Գաղտագողի հետևում են, թե քանի հոգի են հանրապետականներից գտնվում արձակուրդում, քանի բացականեր կան և պարզապես օրենք տապալելու համար, իրենց նեղ քաղաքական շահերը առաջ տանելու համար, որ՝ տեսեք՝ մենք էլ կարող ենք մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը տապալել, և հերոսի կեցվածքով դուրս են գալիս՝ տեսեք ինչ արեցինք», - մեկնաբանեց Բաղդասարյանը:
Արտահերթ նստաշրջանի ավարտին այս նախագիծը կդրվի քվեարկության: