Աշխատանքային այցով Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանի և Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հայաստանի վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Հայաստանի և Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել նաև Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին՝ հարգելով նրանց հիշատակը:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշել է, որ մայիսյան հաղթանակների արդյունքում է՛լ ավելի է ամրապնդվել Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք եռամիասնությունը:
«Ցանկանում եմ շնորհավորել ողջ հայ ժողովրդին Եռատոնի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ: Մենք պետք է միշտ լինենք համախմբված, արդյունքում անպայման կունենանք նման հաղթանակներ: Ուստի ամեն ինչ պետք է անենք՝ ամրապնդելու մեր եռամիասնությունը», - նշել է Հակաստանի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հայ ժողովրդի համախմբումն ու վճռականությունը ևս մեկ անգամ խաղաղություն պարտադրեց հակառակորդին: