Մատչելիության հղումներ

Լոռիում ապաստանած թալիշցիները սարսափով են հիշում հրետակոծությունները


Թալիշցի Ավանեսյանների ընտանիքը ապաստան է գտել Լոռու մարզում
Թալիշցի Ավանեսյանների ընտանիքը ապաստան է գտել Լոռու մարզում

ԼՂ-ից Լոռու մարզ տեղափոխված ընտանքիներին մարզային և տեղական իշխանությունները որոշ օգնութուն են տրամադրել, բայց գլխավոր խնդիրը «աշխատանք գտնելն է»:

Թալիշցի Խաչատրյանների բազմանդամ ընտանիքը ապաստան է գտել Վանաձորին կից Շահումյան համայնքում: 57-ամյա Լարիսա Խաչատրյանը սարսափով է հիշում իրենց գյուղի հրետակոծությունները: Ինքը, ամուսինը, երկու որդիները, հարսներն ու յոթ թոռներն ուղղակի հրաշքով են փրկվել: «Չգիտեմ էդ մոմենտը, ոնց ենք մենք դուրս պրծել էդ արանքից, եկել Մատաղիսի տների արանքով զոռով դուրս պրծել»,- վերհիշում է տիկին Լարիսան:

Ապրիլի առաջին օրերի բախումների հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին մոտ գտնվող բնակավայրերից շուրջ երեք տասնյակ ընտանիքներ ապաստանել են Լոռու մարզի տարբեր համայնքներում: Խաչատրյաններն ապրում են Շահումյան գյուղում՝ վաճառքի ենթակա դատարկ տանը: Մինչ օրս բարեգործներն են օգնել նրանց: Լարիսա Խաչատրյանի հարսը՝ Լիանան, Թալիշի մանկապարտեզում դայակ է աշխատել, շուրջ մեկ ամիս է՝ աշխատանք է փնտրում: «Աշխատանք լինի, մենք մեր չարչարմունքով մեր երեխեքին կպահենք, ոչ մեկի օգնությունը պետք չի»,- ասում է Լիանան:

Թալիշ վերադառնալու մասին դեռ չեն մտածում: Լիանան ասում է՝ երեխաներն այնքան են վախեցել, որ անգամ ամպրոպի ժամանակ են թաքնվում: «Սրտները ուզում ա, երեխեք են, ուզում են, որ գնան, բայց դե իրանք, որ մի հատ էլ անձրևի համար էլ ա ղռռում ա, միանգամից վազում են, փախչում, ասում են՝ ուրեմն ստեղ էլ ա նորից կրակոց»,- պատմում է Լիանան:

Շահումյանում է ապաստանել նաև թալիշցի Ավանեսյանների բազմանդամ ընտանիքը: Միշա Ավանեսյանը հոր, կնոջ, երկու հարսների և վեց թոռների հետ մի կերպ են կարողացել դուրս գալ հրետակոծվող գյուղից: Միշան արդեն երկրորդ անգամ է լքում հայրենի Թալիշը: «Առակն ասում ա՝ էշը որ էշա, մի անգամ որ ցեխում ա մնում, էդ ցեխով երկրորդ անգամ չի անցնում, բայց մենք երկրորդ անգամ էլ անցանք, խի՞ են ժողովրդին տրամադրում, որ երրորդ անգամ էլ անցնենք: Արդեն հույս չկա, որ ըտեղ ապրել հնարավոր ա»,- ասում է Միշան:

Ապրում են բարեկամների տանը: Ավանեսյանի երկու որդիները պայմանագրային զինծառայողներ են և գտնվում են առաջնագծում: Ընտանիքի մայրը՝ Մելսիդա Դավթյանն ասում է՝ միայն խաղաղություն են ուզում: «Աստված թող խաղաղություն տա, մեր երեխեքի մազը ծռվի ոչ: Նորից եմ ասում, թող նրանք անփորձանք լինեն»:

Լեռնային Ղարաբաղից եկած և Լոռիում ապաստանած ընտանիքներին մարզային և տեղական իշխանությունները որոշ դրամական օգնություն են տրամադրել: Բացի այդ, լուծել են նաև բնակիչների առողջապահական ու երեխաների կրթության հետ կապված խնդիրները: Փախստականները թեև շնորհակալ են այդ ամենի համար, բայց ընդգծում են՝ իրենց հիմնական խնդիրը աշխատանք գտնելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG