Մատչելիության հղումներ

Աղավնաձորցիների պարտքը կես տարուց ավելի է՝ չի վճարվում


Գյուղնախարարությունը հիշեցնում է՝ խաղողագործները նախօրոք գիտեին, որ հնարավոր են վճարման ուշացումներ

Աղավնաձորցիներն ավելի քան վեց ամիս է՝ չեն կարողանում ստանալ մթերված խաղողի գումարը։ Գյուղացիներից Հայկազ Ասատրյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ Պռոշյանի գինու գործարանը ուշացումներով է վճարում, «Վեդի ալկոն» էլ ասում է՝ գումար ընդհանրապես չկա։

«Չորով չեն տալիս, ասում են չկա ու վերջ։ Մի օրենք չկա, որ էդ օրենքի պոչը բռնես ապրես։ Էն օրն էլ սելիտրա են բերել, ասում են՝ մենք տալիս ենք այն մարդկանց, ովքեր վճարունակ են: Մի քանի հոգի վճարունակ են, թոշակի բանի հաշվով, կամ արտերկրից գումար ա գալիս, առել են, բայց մենք... հիմա ոչինչ չկա, վարը պիտի անենք, գումար չկա, էս տարի պիտի ցանեինք ցորեն, գարի, չենք արել»,- պատմում է գյուղացին:

Նա վարկ է վերցրել, այգիներ հիմնել, սակայն, հիմա մտածում է դրանք քանդելու մասին։ Որդին ստիպված արտագնա աշխատանքի է մեկնել՝ բանկից վերցրած վարկի գումարը փակելու համար։ «Իմ կայուն ընտանիքը քանդվեց»,- ասում է Հայկազ Ասատրյանն ու շարունակում՝ «էս ձևի վիճակ 25 տարվա մեջ չէր եղել, ընտանիքները քայքայվում են, դրանցից մեկն էլ ես եմ, չորս տղա, տղաս էլ իրենց հետ գնացել է․․․ բանկին ասում եմ՝ իմ երկու միլիոնը սառեցված, երկու միլիոնի տոկոս եմ տալիս ձեզ, ասում ա՝ ի՞նչ անեմ: Աշունը եթե տայի, անում էր միլիոն 900 հազար, բայց էդ միլիոն 900 հազարն արդեն եղել ա 2 մլն 600 հազար։ Օրը 5000 դրամ ինձանից գնում ա, չեմ իմանում ոնց պիտի լինի»:

Շուրջ 2000 բնակիչ ունեցող Աղավնաձորում մարդկանց եկամտի հիմնական աղբյուրն «Արենի» տեսակի խաղողն է։ Գյուղացիների խոսքով, իրենք վարչապետին ու գյուղնախարարին ամիսներ շարունակ նամակներ են գրել։ Անգամ միջպետական ճանապարհն են փակել։ «Մի մեծ չինական պարիսպ ա ժողովրդի և իրենց մեջ, ժողովրդի մեջ չեն մտնում, որոշել էինք՝ իջնենք ճանապարհը փակենք, ճանապարհն էլ ռազմական ճանապարհ ա, պատերազմի մեջ ենք, ո՞նց գնանք փակենք, ոչ մի անգամ, սոված էլ մնանք, մենք ճանապարհ փակող չենք, բայց դրանից էլ որոշ կառավարության անդամներ շահում են էլի»,- գանգատվում է խաղողագործը:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը գործարանատերերին պարբերաբար իր մոտ է հրավիրում ու հորդորում պարտքն արագորեն մարել՝ ամեն անգամ մի նոր վերջնաժակետ սահմանելով։ Փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով, խաղողագործները նախապես իմացել են, որ հնարավոր են ուշացումներ։

«Հորդոր եղավ նախարարության կողմից, կառավարության կողմից, որպեսզի մթերվի և չմնա, և գյուղացիները շատ դեպքերում տեղյակ էին, որ հնարավոր են ուշացումներ։ Ամենօրյա կապի մեջ ենք, մեր վերամշակողներն էլ հասկանում են, որ պետք է բոլոր շրջանառու միջոցներն ուղղեն գյուղացիների պարտքերի մարմանը։ Իրենք առավելագույնս փորձում են շուտ վճարել գյուղացիական տնտեսությունների պարտքերը, որովհետև թե՛ մեր կողմից, թե՛ գյուղացիների կողմից անընդհատ գտնվում են երկկողմանի ճնշման տակ»,- «Ազատությանն» ասաց գյուղատնտեսության փոխնախարարը։

Նրա պնդմամբ, դժվար վիճակից դուրս գալու համար կառավարությունն աջակցել է գործարանատերերին, սակայն, որոշ դեպքերում, նրանք պարզապես գրավ չեն ունեցել՝ մատչելի վարկերից օգտվելու համար։ Գինի և կոնյակ արտադրողներն այսօր էլ իրացման լուրջ խնդիրներ ունեն, ասում է Մակարյանը: «Շատ դեպքերում ասում են, որ պետությունը չի աջակցել, ամենևին էդպես չի: Անցած տարվա վերջին բերքահավաքին և դրանից հետո էլ էն կազմակերպությունները, որոնք իրականացրել են մթերումներ, ունեցել են ֆինանսական խնդիրներ ու վարկունակ են եղել, մատչելի պայմաններով ֆինանսավորել ենք, վարկեր ենք տրամադրել։ «Վեդի ալկոն» և մի քանի այլ կազմակերպություններ էլ կան, իրենք գրավի խնդիր ունեն և դրա համար իրենց ֆինանսավորման հարցը պետության կողմից չի կարող լուծվել, որովհետև գրավ չունեն»։

Փոխնախարարը դժվարացավ նշել, թե նման ընկերությունների հարցն ինչպես պետք է լուծվի։ «Վեդի ալկո» ընկերության հետ էլ կապ հաստատել չհաջողվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG