Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, պաշտպանը և դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման խնդիրներին:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը:
Դեսպան Միլսը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր:
Արման Թաթոյանը հաստատել է ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև փորձագետների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: