Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակ. «Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել ԼՂ ճանաչման մասին օրինագիծը»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի ԱԳ նախարարն էլ «խուճապի» պատճառներ չի տեսնում:

«Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը պաշտոնական Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել», - այսօր ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նշելով, թե Կրեմլում շարունակում են ուշադրությամբ հետևել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությանը:

«Մենք ուշադիր կերպով հետևում ենք այն բոլոր որոշումներին, որոնք կայացվում են այս համատեքստում: Կասկած չկա, որ մենք շարունակում ենք ակնկալել, որ հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել բավական փխրուն հրադադարը` հանգեցնելով Ղարաբաղի գոտում ընդհանուր իրավիճակի սրացման», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Դեռ մինչև Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագծի վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը այս խնդրին անդրադարձել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալությանը տված հարցազույցում, որը դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրվեց երեկ երեկոյան:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմային. դա ոչ թե Հայաստանն է քննարկում, այլ խորհրդարանի երկու պատգամավորների առաջարկն է: Հայաստանի կառավարությունը, ինչպես իրենք են բացատրում` հանդարտեցնելով կրքերը, պետք է պարզապես հետևի օրենքի պահանջին և այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն նախապատրաստի: Այնպես որ, ես այժմ չէի անհանգստանա և խուճապի չէի մատնվի», - նշել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ հայկական կողմից հավաստիացումներ են հնչել, որ Երևանը հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին:

«Երբ ես Երևանում էի, շփվում էի իմ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, հետո՝ նրա հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, և հետո, երբ նա էր Մոսկվա ժամանել արդեն ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններից հետո, ինձ մշտապես հավատացրել են, որ Երևանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորման գաղափարին: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր համաձայնության համատեքստում, այլ ոչ թե միակողմանիորեն», - ասում էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Պաշտոնական Բաքուն արդեն իսկ իր գոհունակությունն է հայտնել Սերգեյ Լավրովի այս հայտարարության առթիվ: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի խոսքով` «Ադրբեջան ողջունում և կիսում է Լավրովի տեսակետն այս հարցում»:

Երեկ հեռարձակված այս հարցազրույցում Սերգեյ Լավրովն անդրադարձավ նաև շփման գծի երկայնքով իրադրության կայունացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությանը` նշելով, որ այս հարցում բավական ակտիվ է պաշտոնական Բեռլինը:

«ԵԱՀԿ-ի գերմանական նախագահությունը ցանկանում է ակտիվություն ցուցաբերել, և մենք խրախուսում ենք այդ ցանկությունը: Ժամանակին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հավանություն տվեցին ԵԱՀԿ-ի [նախաձեռնած] աշխատանքներին, որոնց նպատակն է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումն ու վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի մշակումը: Կարծում են, որ այս թեման այսօր ավելի քան հրատապ է: Կենտրոնանալու ենք հենց այդ խնդրի վրա: Իհարկե, չի կարելի մոռանալ նաև քաղաքական գործընթացի մասին: Կրքերը թերևս պետք է հանդարտվեն, դա պարզ է: Բայց և այնպես, քաղաքական պրոցեսն ու կարգավորումը այլընտրանք չունեն», - հայտարարում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG