Մատչելիության հղումներ

«Մենք հույս ունեինք, որ Աշոտս ողջ է, ուղղակի ծանր վիրավոր է»


Աշոտ Շահբազյանի մայրը
Աշոտ Շահբազյանի մայրը

Ապրիլի 2-ին Ջաբրայիլում ընթացած մարտերի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մոր հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին։

23-ամյա ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջաբրայիլում ընթացած մարտերի ժամանակ: Նա Շիրակի մարզի Ախուրյան գյուղից էր։ Շահբազյանն այն 18 անհետ կորած զինծառայողներից մեկն էր, ում մարմինը հայկական կողմին փոխանցվեց 9 օր անց: Մայրը՝ Լիանան, մի քանի օր շարունակ որդուց տեղեկություն չստանալով, արտագնա աշխատանքի մեկնած ամուսնուն կանչում է որդուն փնտրելու:

«Մինչև ապրիլի 10-ը ես իրանից ոչ մի տեղեկություն չունեի։ Ամսի 3-ին զանգեցի իրա հորը, ասեցի, որ էրեխուց լուր չկա։ Ինքն էլ էն էրեխեն չէր, որ էդքան ժամանակ լռեր։ Հերը Մոսկվայից եկավ, բայց տուն էլ չեկավ, միանգամից գնաց Ջաբրայիլ։ Էնտեղից անընդհատ զանգում էր։ Հարցնում էի՝ «էրեխուց լուր չունե՞ս»։ Ինքը միշտ ասում էր՝ «ես լավ լուրով կվերադառնամ»։ Բայց չվերադարձավ։ Ինքն էլ հույս ուներ, որ Աշոտս ողջ է, ուղղակի ծանր վիրավոր է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Շահբազյանի մայրը՝ Լիանան։

Մայրն ասաց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է մարտի 31-ին։ «Երեկոյան 9-ն էր, ասեց՝ «մամ, գնամ, մի քիչ հանգստանամ, որ առավոտ շուտ դիրքեր եմ բարձրանալու»։ Էդ եղավ իրա վերջին խոսքը», - ասաց Լիանան։

Նա նշեց, որ որդու՝ զինվորական դառնալուն դեմ չի եղել: Աշոտ Շահբազյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, հետո ինքնակամ որոշել է ծառայության անցնել Ղարաբաղի հարավային սահմաններում՝ Ջաբրայիլում: Ծառայությունը 1 տարի 7 ամիս տևեց:

Աշոտի կրտսեր եղբայրը՝ Հունան Շահբազյանն արդեն ավարտել է ծառայությունը, սակայն որոշել է՝ ինքը ևս անցնելու է պայմանագրային ծառայության: Չնայած որ որդի են կորցրել, սակայն ծնողները Հունանի որոշմանը ևս դեմ չեն։ «Չէ դեմ չենք։ Մենք ուզում էինք, որ ամեն ինչ լինի իրա ուզածով, մենք էլ ենք սիրում էդ գործը։ Երբ իր եղբայրը ծառայեց Ասկերանում և վերադարձավ, ինքը նույնպես ուզում էր և ընտրեց այդ ճանապարհը, թղթերը տվեց՝ պայմանագրային ընդունվելու համար։ Էդ կապ չունի, որ իմ Աշոտը հիմա մեզ հետ ներկա չէ, բայց ես շատ եմ հարգում այդ աշխատանքը, շատ եմ սիրում, եթե ինքն էլ է ուզում ընտրի, խնդիր չեմ տեսնում։ Ես ինքս եմ ուզում այս պահին լինել մեր զինվորների կողքին, ուզում եմ իրենք իմանան, որ իրենք մենակ չեն, որ մենք բոլորս իրենց հետ ենք», - ասաց մայրը։

Աշոտի տատը միշտ հպարտացել է, որ թոռը զինվորական է: Ասաց, որ ապրիլի 24-ին գնալու էին նրան տեսակցության, սակայն՝ «չհասցրին»: «Իրա հերը փող էր ուղարկել, որ պետք է գնայինք։ Ամսի 1-ին ինքը դիրքեր պետք է բարձրանար, 15-ին կիջներ։ Մենք հաշվարկել էին, ասեցինք՝ «պետք է գանք մոտդ»։ Ահագին ժամանակ իրար չէինք տեսել, դեկտեմբերին էր էստեղ եղել, ու էլ իրար չէիք տեսել, ասեցինք՝ մի փոքր հավաքվենք։ Մարտի 30-ին եմ խոսել իր հետ, կրակելու էին գնացել, կլսեի կրակի ձայները։ Զգացի, որ ժամանակ չունի, ասեց՝ «տատ, լավ եմ, ամեն ինչ նորմալ է, կգամ իմ հերթին նորից կբարձրանամ դիրքեր»։ 15-ից հետո պետք է գնայինք իրան այցելելու, չհասցրինք», - ասաց տատը։

Աշոտի մայրն ասաց, որ ամուսինը որոշել է արտագնա աշխատանքի չմեկնել, այլ զենք վերցնել ու Ղարաբաղ գնալ: Նա նախկին ազատամարտիկ է:

Նշենք, որ ապրիլյան բախումների ժամանակ Շիրակի մարզը 13 զոհ է տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG