Մատչելիության հղումներ

Ալիևը շփման գծի շրջաններ այցի ժամանակ «ազատագրված տարածքներից» չի խոսել


Իլհամ և Մեհրիբան Ալիևներ, արխիվ
Իլհամ և Մեհրիբան Ալիևներ, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ հետ, երեկ այցելել է հայկական Զինված ուժերի հետ շփման գծում գտնվող ադրբեջանական Թերթերի (Թարթառի), Բարդայի և Աղդամի շրջաններ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը նախ եղել է Թերթերի շրջանում տեղակայված զորամասում, որտեղ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ներկայացրել է իրավիճակը շփման գծում:

Այնուհետև Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են Թերթեր, Ղափանլի գյուղ, որտեղ ուսումնասիրել են մարտական գործողությունների հետևանքները, ավերածությունները, Ալիևը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ կապված ավերված տների վերականգնման հետ: Բարդայի բժշկական կենտրոնում նրանք այցելել են վիրավորներին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահը ապրիլյան իրադարձությունների համար կրկին մեղադրել է հայկական կողմին և վստահեցրել, թե ադրբեջանական բանակը «արժանի հակահարված է տվել հայկական սադրանքին»: Նա հավաստիացրել է, թե շփման գծում առավելությունը ադրբեջանական կողմինն է, և իրենց «մարտական դիրքերը է՛լ ավելի են ամրապնդվել»: Ալիևը պնդել է, թե իր ղեկավարած պետության ավելի վաղ ձեռնարկած միջոցները՝ կապված բանակաշինության հետ, իրենց արդարացրել են:

Նշենք, որ «ազատագրված տարածքները», որոնց մասին Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում էր ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողություններից անմիջապես հետո, Իլհամ Ալիևը այս անգամ, ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների, չի հիշատակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG