Մատչելիության հղումներ

Շարմազանով. Բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է


«Առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման», - ընդգծում է ՀՀԿ խոսնակը։

Բանակցային գործընթացի վերսկսման համար, ըստ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի, անհրաժեշտ է երեք կարևոր քայլ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։

«Բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև երբ որ գնում են մարտական գործողություններ, կամ գոնե ամբողջությամբ չեն ավարտվել փոխհրաձգությունները, երբ Ադրբեջանը խախտում է 1994 թվականի զինադադարի պայմանները, որ նա ստորագրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ, թե՛ նաև խախտելով Մոսկվայում բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման ուղղությամբ, բնականաբար, բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է», - երեկ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը։

Նշելով, որ Հայաստանը մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը, իշխող կուսակցության խոսնակը շեշտեց, որ խնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում։

«Առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման։ Մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք, բայց որպեսզի մենք վերսկսենք բանակցությունները, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, անհրաժեշտ են հասցեական գնահատականներ, անհրաժեշտ են երաշխիքներ միջազգային հանրության կողմից», - ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակը նախևառաջ ոչ թե Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումն է, «այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնա միջազգայնորեն ընդունված սուբյեկտ»։

«Ուշ թե շուտ դա լինելու է, այլ ճանապարհ չկա։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան՝ դա՝ լինել դե յուրե ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ, ուզի Ադրբեջանը, չուզի Ադրբեջանը, ուզի Թուրքիան, չուզի Թուրքիան, պայքարը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սկսել է անկախության ու ազատության համար և հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները սատարելու են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին՝ ապրելու միջազգայնորեն ճանաչված անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում», - հայտարարեց Հանրապետականի խոսնակը։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ բացառվում է հողերի վերադարձի որևէ տարբերակ։ Օրերս Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ չբացառեցին որոշ տարածքների վերադարձի հնարավորությունը։ Հարցին՝ արդյոք հակասություններ կա՞ն Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների միջև, Շարմազանովը պատասխանեց. - «Թյուրընկալում է եղել իմ գործընկերոջ հարցազրույցի հետ կապված։ Տիկին [Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե] Նաղդալյանը հաջորդ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է՝ «խնդրի բանալին գտնվում է Ստեփանակերտում»։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունը պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, որը բնականաբար չի կարող հակասության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Բակո Սահակյանի կարծիքի հետ։ Հայաստանի Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, սատարում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանության արդար պայքարին՝ ապրելու անկախ ու ազատ հայրենիքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG