Մատչելիության հղումներ

Նախագահը հրատապ հանդիպում անցկացրեց Հանրապետական խմբակցության անդամների հետ


Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ, հիմնականում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր։

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ Սերժ Սարգսյանը հրատապ հանդիպում է անցկացրել իշխող կուսակցության խմբակցության անդամների հետ։

Մոտ երկու ժամ փակ դռների հետևում քննարկումներից հետո ո՛չ պատգամավորները, ո՛չ էլ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը չմանրամասնեցին, թե որն էր հրատապ հանդիպման հիմնական պատճառը։

«Գործադիր մարմնի անդամները 17-18 հոգի են, և, բնականաբար, անհրաժեշտություն կա, որպեսզի պարբերաբար կուսակցության նախագահը հանդիպի նաև պատգամավորական խմբակցության հետ։ Մեր կուսակցության նախագահի հետ Հանրապետական խմբակցությունը հանդիպում էր, որը պարբերաբար է մեզ մոտ լինում», - ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հիմնականում քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ քննարկման օրակարգում եղել է նաև Ընտրական օրենսգրքի հարցը, որը, ըստ պատգամավորի, այսօր կդրվի քվեարկության։

«Կազմակերպչական բնույթի հարցեր էին՝ մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր, հատուկ որևէ հարց չի եղել։ Տեխնիկական չէր, բավականին բովանդակային էր, բայց մեր ներսի քննարկումներն էին, որոնք, ըստ իս, հրապարակման ենթակա չեն։ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ելույթները վաղը կշարունակվեն, հետո, բնականաբար, քվեարկություն լինելու է, որովհետև մենք ունենք ժամանակի խնդիր, մինչև հունիսի 1-ը որպեսզի կարողանանք հասցնել այդ աշխատանքներն իրականացնել», - ասաց Սահակյանը։

Դիտարկմանը, թե Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ այդպես էլ կոնսենսուս չեղավ, Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց. - «Կոնսենսուսը պետք է Ազգային ժողովում գա, և այդ քննարկումները նաև նրա համար են, որպեսզի ունենանք նաև կոնսենսուս, և կոնսենսուսը կերևա նաև, երբ որ քվեարկությունը կկայանա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG