Արդյո՞ք Վրաստանի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի սահմանման մասին արդեն իսկ կայացված որոշումը կարող է վերանայվել: Վերջին շաբաթներին այս հարցը բավական հրատապ է դարձել նախևառաջ եվրոպական ամենաազդեցիկ կառույցներից մեկի` աջ պահպանողական ուժերին միավորող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գործողությունների հետևանքով:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունն արդեն ութ տարի է ինչ ԵԺԿ-ի լիիրավ անդամ է:
Սա էր, թերևս, պատճառը, որ մեկ ամիս առաջ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլը հայտարարեց, թե ազատ վիզային ռեժիմը կարող է սահմանվել միայն հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո` պայմանով, որ դրանք համապատասխանեն միջազգային չափանիշներին:
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության որդեգրած այս մոտեցմանը՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին երեկ նշում էր․ - «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը հայտնի է իր անդամ կուսակցությունների հետ համերաշխության դրսևորումներով: Երբեմն, ցավոք սրտի, այդ մոտեցումը գերակշռում է, ինչպես, օրինակ, մի քանի տարի առաջ, երբ կուսակցության դիտորդները հրաժարվում էին ընդունել Վրաստանում հիմնարար խնդիրների առկայությունը: Վստահ եմ՝ ԵԺԿ-ի ղեկավարները շատ լավ հասկանում են, որ վիզային ռեժիմի ազատականացման պրոցեսի դանդաղումը ձեռնտու է նախևառաջ այն ուժերին, որոնք քննադատաբար են տրամադրված Վրաստանի եվրաինտեգրման գաղափարի նկատմամբ: Բացի այդ, նման մոտեցումը առաջիկա ընտրությունների համատեքստում հարվածելու է հենց իրենց գործընկեր կուսակցությանը` Ազգային միացյալ շարժմանը»:
Վրացական խորհրդարանի խոսնակը, սակայն, ընդհանուր առմամբ լավատես է: Նրա կարծիքով՝ Վրաստանի քաղաքացիները արդեն առաջիկա ամիսներին կկարողանան առանց մուտքի վիզաների այցելել Շենգենյան գոտու պետություններ: Ավելի վաղ, ի դեպ, խոսվում էր, որ դա հնարավոր կդառնա արդեն հուլիսի 1-ից:
«Կարծում եմ, որ մինչև այս տարեվերջ Վրաստանի քաղաքացիները կտեսնեն այս պրոցեսի արդյունքները և կօգտվեն դրա պտուղներից: Վերջնական որոշում կայացնելու, եվրոպական կառույցներում այս ողջ գործընթացն ավարտին հասցնելու համար, կարծում եմ, մի քանի ամիս է պահանջվելու», - նշում էր Վրաստանի խորհրդարանի նախագահը: