Մատչելիության հղումներ

Մամուլի ազատությունը վերջին 12 տարվա մեջ ամենամեծ նահանջն է արձանագրել․ Freedom House


Մամուլի ազատությունը վերջին 12 տարվա մեջ ամենամեծ նահանջն է արձանագրել՝ հայտնվելով քաղաքական, քրեական և ահաբեկչական ճնշումների տակ, այսօր հրապարակված զեկույցում արձանագրում է Վաշինգտոնում գործող Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։

«Մամուլի ազատության դեմ ճնշումները առավել մեծ են եղել Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, որտեղ իշխանությունները և զինյալ խմբավորումները ստեղծում են «Ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» մթնոլորտ՝ դրանով իսկ ստիպելով լրագրողներին և լրատվական կազմակերպություններին կողմնակալ լինել», - «Մամուլի ազատությունը 2016թ․-ին» զեկույցի հրապարակման ժամանակ հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչները:

Զեկույցում ասվում է, որ 2015-ին Սիրիան շարունակել է մնալ ամենավտանգավոր վայրը լրագրողների համար, որտեղ անցած տարվա ընթացքում առնվազն 14 լրագրող է սպանվել: Բացի այդ՝ 3 սիրիացի լրագրողներ սպանվել են Թուրքիայում, ենթադրաբար՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող հատվածում նշվում է, որ այդ երկրի իշխանությունները օգտագործել են «իրական և մտացածին» սպառնալիքներ՝ այդպիսով արդարացնելով մամուլի նկատմամբ իրականցվող հետապնդումները: Իրավապաշտպան կազմակերպությունը նաև առանձնացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «վիրավորանքի մեղադրանքներով լրագրողների, բլոգերների և սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ» հետապնդումներ իրականացնելու համար:

2015-ին առավել մեծ անկում արձանագրած երկրներն են՝ Բանգլադեշը, Թուրքիան, Բուրունդին, Ֆրանսիան, Սերբիան, Եմենը, Եգիպտոսը, Մակեդոնիան և Զիմբաբվեն:

Հայաստանը զեկույցում հետընթաց է արձանագրել, շարունակելով հիշատակվել ոչ ազատ երկրների շարքում՝ 199 երկրների թվում զբաղեցնելով 139-րդ տեղը՝ նախորդ տարվա 135-րդի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG