Ալիևը հայերին մեղադրում է մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում բացելով Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը, հերթական անգամ հավաստիացրել է, որ զինված ուժերը «կազատագրեն հայերի հսկողության տակ հայտնված երկրի տարածքի 20 տոկոսը»։
Ադրբեջանի նախագահը վերստին ասել է, թե մի շարք զեկույցներ, այդ թվում ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելության կազմած զեկույցը վկայում են, որ «հայերը զավթած տարածքներում ոչնչացրել են Ադրբեջանի կրոնական և մշակութային հուշարձանները, մինչդեռ, Ադրբեջանը վերանորոգել է հայկական եկեղեցին»։
Նա նորից հիշատակել է Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, որոնք Հայաստանն, Ալիևի խոսքերով, անտեսում է։
Ալիևը պնդում է, թե Հայաստանն անտեսում է բանաձևերը
«Որոշ դեպքերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի են կոչվում օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում, բայց երբ հերթը հասնում է Ադրբեջանին, այդ բանաձևերը ավելի քան երկու տասնամյակ չեն իրագործվում», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն, Չմիավորման շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունն ընդունել են նմանօրինակ բանաձևեր, սակայն Հայաստանը դրանք անտեսում է, և «զավթիչն իր վրա միջազգային ճնշում չի զգում»։
Ալիևը Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումում արտասանած ուղերձում ասել է նաև, որ 1988 թվականից սկսած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ բռնի արտաքսվել են Հայաստանից։
Ալիևի խոսքերով, Ադրբեջանն ապաստան է տվել ավելի քան 250 հազար ադրբեջանցի փախստականների Հայաստանից՝ միաժամանակ երկրում ունենալով ավելի քան 700 հազար տեղահանվածներ Ղարաբաղից և այլ շրջաններից։
«Ադրբեջանը ժամանակին ուներ ընդամենը 8 միլիոն բնակիչ և ամենաաղքատ երկրներից էր․ այսօր մենք կառուցել ենք մի քանի տասնյակ նոր բնակավայր և շարունակելու ենք այդ ծրագիրը: Սակայն բնակչության մի մասը դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` ծանր պայմաններում», - ասել է Ալիևը։
Ալիևը պնդում է, թե նախահարձակը հայերն են
Ադրբեջանի նախագահի պնդմամբ, իր երկիրը 20 տարի շարունակ դրսևորել է համբերություն ու կառուցողականություն և ցանկանում է հարցը լուծել խաղաղ եղանակով․ - «Մենք պատերազմ և արյունահեղություն չենք ուզում»։
Խոսելով ապրիլյան քառօրյա բախումների մասին՝ Ալիևը պնդել է, թե իբր հայկական կողմն է սկսել հարձակումը, կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և նռնականետեր ու կրակ է բացել խաղաղ բնակավայրերի վրա։
Բաքվի ֆորումում Ալիևը պնդել է նաև, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական և օրինական մասն է․ - «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն իր կազմում ունենալով է անդամակցել ՄԱԿ-ին, բայց ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղը հիմա ամբողջությամբ գրավված է Հայաստանի կողմից: Եվ ոչ միայն Ղարաբաղն, այլև ևս 7 շրջաններ»։
«Եղբայրական պետության» ղեկավարը՝ Բաքվում
Երեկ երեկոյան Բաքու է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրան և Թուրքիայի առաջին տիկնոջը` Էմինե Էրդողանին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում զինվորական պատիվներով դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը։
Այսօր Էրդողանը խոսել է գլոբալ ֆորումում։ «Մենք Ադրբեջանում ենք, որտեղ ժողովուրդները և հին մշակույթները համերաշխության մեջ են ապրում», - ասել է Էրդողանը։
Trend գործակալությունը հայտնում է, որ Բաքվում տեղի է ունեցել Էրդողանի և Ալիևի առանձնազրույցը։ Նախագահները գովեստով են խոսել երկու երկրների կապերի մասին՝ ասելով, որ համագործակցությունը հիմնված է ռազմավարական գործընկերության վրա։
Ալիևը և Էրդողանը թուրք-ադրբեջանական հարաբերությունները որակել են «եղբայրական և բարեկամական»։
Էրդողանն արդեն ավարտել է այցը և Բաքվից մեկնել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ։