Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ն առկախում է իր մասնակցությունն ԸՕ-ի նախագծի քննարկումներին


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր փոխանցեց իրենց որոշումը, որ ՀԱԿ-ն առկախում է իր մասնակցությունն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին` մինչև կոնսենսուսի ձեռքբերումը:

Ավելի վաղ ընդդիմադիր ուժը հայտարարել էր, սահմանային լարումները հաշվի առնելով, հանրահավաքային պայքարից ձեռնպահ մնալու մասին:

«Իշխանությունները, ըստ էության, չընդունեցին միացյալ հինգ պահանջներից և ոչ մեկը, չգնացին որևէ փոխզիջման, իսկ ապրիլի 17-ի ընտրությունները անցկացրեցին կեղծարարության հայտնի ավանդույթներով: Իհարկե, մեր դիրքորոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող իրավիճակում ազգային համախմբման վերաբերյալ պայմանավորված չէ իշխանության քայլերով և չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա: Բայց մենք պահանջում ենք իշխանություններից սթափություն և ադեկվատություն ստեղծված իրավիճակին», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Զուրաբյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը (ՀՀԿ) պնդեց, թե իշխանությունը փոխզիջումների գնացել է․ - «Իշխանությունը բոլոր հինգ կետերով առաջարկներ արել է: Ավելի դրական, քան էսօր կա․․․ Եթե բաժակը դատարկ ա, դու ծարավ ես, ես բաժակը կիսատ լցնում եմ, բայց դու ասում ես՝ չէ, լիքը լցրու ու էն կիսատն էլ ես թափում, կարծում եմ, մենք զրկվում ենք նաև էն կիսատ բաժակի ջրից»:

Ընտրական օրենսգիրքը, փոփոխված Սահմանադրության համաձայն, պետք է ընդունված լինի մինչև հունիսի 1-ը։

Եթե իշխանությունը չարձագանքի իրենց առաջարկին, ըստ Արամ Մանուկյանի (ՀԱԿ), դա կնշանակի, որ չեն կատարում միջազգային կառույցների առաջարկները, քաղաքացիական հասարակության առաջարկները, Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, որոնք ենթադրում են «ներառական, կոնսենսուսային, բոլորի կողմից ընդունված նախագիծ»:

Ընդդիմադիր Կոնգրեսը նաև առաջարկեց հետաձգել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները, բայց իշխանությունն իր ծրագրերը չփոխեց։

4+4+4 ձևաչափով իշխանության հետ բանակցած ԲՀԿ-ն չհետևեց ՀԱԿ-ի օրինակին և որոշեց մասնակցել քննարկումներին։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, քաղաքական կամքի բացակայության պայմաններում ամենակատարյալ օրենսգրքով էլ հնարավոր է ընտրություն կեղծել․ - «Եթե էդ կամքը չի լինելու, ուզում եք ցուցակները հազար հատ հրապարակեն, ուզում եք ցուցակները արտասանեք, ասմունքեք, ոչինչ չի փոխվելու: Ես այս պահին չեմ տեսնում կամք ազատ և արդար ընտրություն անցկացնելու»:

Ընտրական օրենսգրքի նախագիծը խորհրդարանի ամբիոնից ներկայացնող Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ քաղաքական կամքն առկա է։

Հիմնական զեկուցողն ընդունեց Զոհրաբյանի հետևյալ առաջարկը․ - «Ի՞նչն է խանգարում մեզ, օրինակ, էս քննարկումներին զուգահեռ, գոնե էն խնդիրների շուրջ, որտեղ կարծես թե ունենք կոնսենսուս, տեղամասում տեսանկարահանել ընտրական պրոցեսը, ID քարտի համար, այո, մենք հաշվել ենք, որ գումարը մեծ է, բայց միգուցե որևէ դոնոր կազմակերպություն համաձայնում է այս պայմաններով տրամադրել: Ի՞նչն է խանգարում մեզ հենց վաղը քաղաքական ուժերով դիմել նշյալ կազմակերպություններին՝ նշելով մեր մտահոգությունները, մեր խնդիրները, որոնք բյուջեն իր վրա չի կարող վերցնել»:

Հարությունյանն արձագանքեց․ - «Եթե ես ճիշտ հասկացա, Ձեր ասածը հետևյալն է․ մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ հետևյալ չորս խնդիրներին աջակցություն ստանալու նպատակով․ առաջինը, ընտրողների գրանցման սարքեր, երկրորդը, ծրագրային ապահովում կամ ծառայություն մատնահետքերի համադրման, երրորդը, տեսանկարահանում տեղամասերում, և չորրորդը, ամբողջ երկրում ընտրողներին անվճար ID քարտերի տրամադրում: Ես դեմ չեմ: Եկեք ձևակերպենք մեր ասածը: Բայց պետք է մի բան խնդրեմ․ ոչ բոլոր գործընկերներն են մասնակցում այսօր: Այդ բեռը վերցրեք Ձեր ուսերին, որպեսզի իրենք ևս դրա տակ ստորագրեն: Մեր կողմից երաշխավորում եմ՝ իշխանական թևը պատրաստ է ստորագրելու այդ թղթի տակ»:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մրցակցային ընտրություններ ունենալու համար պետք է հրաժարվել տարածքային ցուցակներով ընտրություններից: Ասաց՝ մեծամասնականից ավելի վատ համակարգ ենք ներդնում․ - «Երկար ժամանակ, սահմանադրական բարեփոխումներից սկսած, խոսվում է կուսակցությունների դերի բարձրացման մասին: Հիմա ի՞նչն է պատճառը, որ մենք, կուսակցությունները մի կողմ դնելով, ասում ենք՝ չէ, թող այդ կուսակցությունների կողմից առաջադրված ինչ-որ մարդիկ առանձին մրցեն միմյանց հետ, և նրանց անվան դիմաց անպայման նշան կատարվի»:

«Փակ ցուցակը ոչ թե կուսակցության դերակատարման ավելացումն է, այլ կուսակցական էլիտայի, վերնախավի: Այսօր մեր խնդիրներից մեկը մարդ-կուսակցություններն են, ուստի այն, ինչ որ առաջարկվում է՝ հրաժարվել մարդ-կուսակցություն գաղափարից, գոնե մասամբ, և գնալ ավելի ժողովրդավարական ճանապարհով», - արձագանքեց Դավիթ Հարությունյանը:

XS
SM
MD
LG