Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները պահանջելու են պարզել, թե ինչպես է ծախսվել 35 մլն դոլար վարկը


«Նաիրիտ»-ի աշխատակիցները մոտ 500 ստորագրությամբ նամակով պատրաստվում են դիմել դատախազություն՝ պահանջելով պարզել, թե ինչպես է գործարանի ղեկավարությունը ծախսել 35 մլն դոլար վարկը։

«Եթե հանկարծ կտանեն սնանկացման, մենք այդ գործը կվերսկսենք, կդիմենք դատախազություն, որպեսզի այդ գումարները շորթողները, այդ միլիոնավոր դոլարները, որ կորել են ու այդպես էլ չեն կարողանում գտնել․․․ որպեսզի դա անպայման բացահայտվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Նաիրտի»-ի նախկին աշխատակիցներից մեկը:

Նախկին նաիրիտցիները մշտապես մասնակցում են «Նաիրիտ»-ի գործով դատավարությանը․ ՀԷՑ-ը, հիշեցնենք, «Նաիրիտ»-ից պահանջում է էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը: Սակայն նիստերն անընդհատ հետաձգվում են։

Դատական գործընթացին ակնդետ հետևող աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործարանը միտումնավոր տանում են սնանկացման։

«Նաիրիտ»-ի փաստաբան Արմեն Աբովյանն այլ պատճառ է նշում․ - «Հաշտության, համաձայնության եզրեր գտնելու բանակցությունները դեռ շարունակվում են: Խնդրեցինք դատարանին, որպեսզի հետաձգի գործի քննությունը»:

Հարցին, թե ինչ է ենթադրում հաշտության համաձայնագիրը, փաստաբանը արձագանքեց․ - «Համաձայնագիրը մի շարք դրույթներ է պարունակում․․․ դեռևս պատրաստ չի, իհարկե: Կողմերը դեռևս բանակցում են»:

Կարեն Իսրայելյանը, ով «Նաիրիտ»-ի տնօրենն է եղել 2005-2007 թվականներին, «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե 2009-ին գործարանին հատկացված 35 միլիոն դոլար վարկը նպատակային չի ծախսվել․ - «Ինչո՞ւ այդ 35 միլիոն դոլարը չուղղվեց «Նաիրիտ»-ի վերազինման համար (որից ընդամենը մեկ ամիս հետո եղավ «Նաիրիտ»-ի պայթյուն, որտեղ չորս զոհ ունեցան), այլ ուղղվեց տարբեր ընկերությունների պարտավորությունների մարմանը»:

Հարցի պատասխանը, նրա խոսքով, դատախազությունը պետք է տա։

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել էր վարկային գիծ, որից 35 մլն դոլար կառավարությունը հատկացրել էր «Նաիրիտ»-ին։ Իսրայելյանը հետևություն է անում, որ հենց կառավարությունը պետք է լիներ առաջին պահանջատերը․ - «35 միլիոն դոլարից 22 միլիոն դոլար գնացել ա դանիական ինչ-որ ֆինանսական խմբի պարտքի մարմանը։ 8 միլիոն դոլար գնացել ա «Ռայնովիլ» ընկերության պարտքի մարմանը: Եվ շուրջ 5 միլիոն դոլար էլ մարվել են «Նաիրիտ»-ի պարտավորությունները ցանցի, գազի և աշխատավարձի գծով»:

Նաիրիտցիները լիահույս են, որ հետևողական պայքարի շնորհիվ մեղավորները պատժվելու են․ - «Որ աշխատավարձները կարողացանք ստանանք, սա էլ կանենք»:

XS
SM
MD
LG