Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ «Ավելի լավ չէ՞ վատ բանակցություններ, քան լավ պատերազմ»


Զուրաբյան․ - ԵԽԽՎ-ում էդպիսի մի հնարավորություն եղավ, Դավութօղլուն եկել էր ԵԽԽՎ, և ես իրեն ուզում էի հարց տալ՝ այն մասին, որ տաս տարի առաջ հայտարարել էին «հարևանների հետ զրո պրոբլեմներ» այդ քաղաքականության մասին, բայց ընդամենը էս տաս տարվա մեջ ինչ են արել․ նախ, չեն վավերացրել հայ-թուրքական այդ հաշտության պրոտոկոլները, փաստորեն, զրոյական նորից մակարդակի հասցրել հայ-թուրքական հարաբերությունները, շատ մեծ վնաս են տվել, փչացրել են Թուրքիայի հարաբերությունները Եգիպտոսի, Իսրայելի և Լիբանանի հետ, ներխուժել են Իրաք՝ խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը, և Իրաքի կառավարությունը ստիպված դիմել է Անվտանգության խորհուրդ ՄԱԿ-ի՝ Թուրքիայի այդ ներխուժումը կանխելու նպատակով, հարձակվել են, ռազմական գործողություններ են տարել քրդերի դեմ և՛ Իրաքում, և՛ Սիրիայում: Եթե սա կարելի է համարել «զրո պրոբլեմ հարևանների հետ» քաղաքականություն, ուրեմն, հասկանալի է, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր բացարձակապես ռացիոնալ չեն պահում իրենց, դա ագրեսիվ նեոօսմանական մի քաղաքականություն է, որ այսօր Թուրքիան տանում է:

«Ազատություն»․ - Հիմա, փաստորեն, երբ 100-րդ տարելիցը անցյալում է, նաև կարելի է ասել՝ այդ արձանագրություններն են անցյալում, Երևանը Անկարայի հետ ի՞նչ հողի վրա կարող է այսօր հարաբերություն կառուցել:

Զուրաբյան․ - Դե այսօր էն միջավայրը չի և էն վիճակը չի, որ մենք կարողանանք ինչ-որ լուրջ խոսենք հարաբերությունների կարգավորման մասին: Երբ որ էդ հայ-թուրքական պրոտոկոլները բերել էին, հռչակում էին որպես մի կարևոր բաղադրիչ՝ վստահության կառուցման համար և Ղարաբաղի հարցի լուծման համար, հիմա ոչ միայն այդ պրոտոկոլներն են տապալվել, այլ նաև շատ լուրջ սրում է ղարաբաղյան գործընթացում, և եթե Թուրքիան գոնե անցյալում պատշաճությունները փորձում էր պահել՝ գոնե ձևականորեն, հիմա արդեն անթաքույց, ըստ էության, կոչ է անում Ադրբեջանին պատերազմի մեջ մտնել և մինչև վերջ պայքարել:

Էնպես որ, էս միջավայրում հիմա լուրջ չի լինի խոսել ինչ-որ մի կարգավորման մասին կամ ինչ-որ հեռանկարների մասին:

Էս վիճակում մեր միակ հնարավոր պատասխանը մեր ազգովին դա բռնցքվելն է, սթափվելը, հասկանալը, որ մեր պետությունը շատ արագ պետք է փոխարինել արդիականացման ռելսերի վրա և կառուցել այն մոդելը, որը, ասենք, Իսրայելը արդեն տարիներ շարունակ ցուցադրում է, մոդել, որտեղ մենք սովորում ենք թշնամական միջավայրում, այնուամենայնիվ, զարգանալ, կառուցել և՛ բանակ, և՛ տոխնոլոգիաներ, և՛ տնտեսություն: Բայց դրա համար, իհարկե, մեզ դասեր են պետք, պիտի քաղվի մեր քաղաքական վերնախավի կողմից, և մենք դրանով զբաղվելու ենք:

«Ազատություն»․ - «Ադրբեջանի հետ բանակցությունների մասով, դուք գիտեք՝ նաև Կոնգրեսի հասցեին կա քննադատություն, թե ինչու եք, օրինակ, կողմ խաղաղապահ զորքերի տեղակայմանը, երբ արդեն իրավիճակ է փոխվել․․․»:

Զուրաբյան․ - Նախ, մենք որևէ նման բան չենք հայտարարել, էդ քննադատությունը հիմնված է բացարձակ ապատեղեկատվության վրա: Խաղաղապահ զորքեր մասին եթե խոսել ենք՝ խոսել ենք 1994 թվականի Բուդապեշտի սամիթի կոնտեքստում, և ընդհանրապես ոչ թե այսօրվա կոնտեքստում որևէ նման խոսակցություն չի եղել:

«Ազատություն»․ - Այսինքն, ձեզ համար էլ են Կազանն ու Մադրիդը անընդունելի փաստաթղթեր․․․

Զուրաբյան․ - Մենք մադրիդյան սկզբունքների վերաբերյալ չորս հայտարարություն ենք արել, բոլոր էդ հայտարարությունները ուժի մեջ են:

«Ազատություն»․ - Այդ դեպքում, ինչի՞ շուրջ այսօր բանակցել Ադրբեջանի հետ:

Զուրաբյան․ - Պրոբլեմը կա, չէ՞, հակամարտությունը այնտեղ է: Հակամարտությունը կարգավորելու համար պետք են բանակցություններ, բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Ավելի լավ չի՞՝ վատ բանակցություններ, քան լավ պատերազմ:

«Ազատություն»․ - Օրինակ, այսօր կոչեր են հնչում ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ արդեն որպես պաշտպանելու նպատակով:

Զուրաբյան․ - Դե եթե բերեն էդ նախագիծը խորհրդարան, մենք կարտահայտվենք դրա մասին, ես մի բան գիտեմ՝ ցանկացած քայլ պետք է ծառայի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Եթե մեր կողմից ճանաչումը ծառայում է դրան, ուրեմն՝ պետք է ճանաչել, եթե չի ծառայում, եթե հակառակը՝ դա առաջացնում է միջազգային հանրության ռեակցիա, որը ուղղված է այդ ճանաչման դեմ, ուրեմն՝ պետք չի ճանաչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG