«Մենք որևէ ֆինանսական միջոցի խնդիր չունենք մեր բանակը սպառազինելու, դա որևէ մեկի համար թող չդառնա քննարկման առարկա», - այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Դեռ 2015 թվականի երկրորդ կեսին Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին, որով Հայաստանը 200 միլիոն դոլարի արտահանման վարկ կստանա՝ Ռուսաստանից նորագույն զինատեսակներ գնելու համար: 2015 թվականի հուլիսին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց այդ պայմանագիրը։
«Ազատության» հարցին, թե սպառազինության հետ կապված պայմանագրերն ի՞նչ ընթացքի մեջ են, վարչապետը պատասխանեց. - «Իրենց բնականոն հունով ընթանում են, մենք որևէ խնդիր չենք ունենալու»։
Հարցին՝ պատրա՞ստ է իր ունեցվածքի մի մասը, մասնավորապես՝ առանձնատունը վաճառել, եթե հարկ լինի, սպառազինություն ձեռք բերելու համար, վարչապետը պատասխանեց. - «Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը որևէ նման ֆինանսական խնդիր չունի սպառազինությունով զինելու մեր բանակը։ Դուք հերիք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք»։