Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի` ցեղասպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ վերապրած մասնակիցներին՝ Յոուք Չհանգին՝ Կամբոջայից, Կաբանդա Ալոյսին՝ Ռուանդայից, Նադիա Մուրադին՝ Իրաքից։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը արժևորել է երևանյան համաժողովին ականավոր գիտնականների, քաղաքական և հասարակական գործիչների, արվեստագետների և, հատկապես, ցեղասպանություններ վերապրածների ներկայությունը։ Նա կարևորել է ցեղասպանությունների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերը։ Նախարարն ընդգծել է, որ Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվող գլոբալ ֆորումը դարձել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարևոր միջազգային հարթակ:
Նադիա Մուրադը ներկայացրել է ահաբեկիչների կողմից եզդիների դեմ Իրաքում իրականացվող վայրագություները, իր ընտանիքի բարբարոսական սպանության պատմությունը։ Այս կապակցությամբ միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու հարցում նա հայցել է Հայաստանի աջակցությունը։ Նալբանդյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը եզդիների դեմ բռնարարքների մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։
Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել ցեղասպանությունների կանխարգելաման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի առաջնորդող դերակատարությունը։ Էդվարդ Նալբանդյանը հյուրերին տեղեկացրել է այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունների ու ջանքերի մասին։