Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախմբի տեղեկություններով՝ Օբաման այս տարի էլ չի օգտագործի «ցեղասպանություն» բառը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս չի պատրաստվում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, վկայակոչելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնատար անձանց հետ ունեցած զրույցը։

Միացյալ Նահանգներում գործող ամենաազդեցիկ հայկական կազմակերպությունը տարածած հայտարարությամբ մասնավորապես նշում է, որ առաջիկա օրերին իր պաշտոնավարման ութերորդ և վերջին` հայ ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում Օբաման «ձեռնպահ կմնա պատշաճ կերպով հիշատակելու Հայոց ցեղասպանությունը»:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն արամ Համբարյանը, տարածած տեսաուղերձում հիշեցնում է, որ մինչև Սպիտակ տուն մուտք գործելը Օբաման հստակ ու հաստատուն կերպով էր խոստացել Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի կոտորածներն ու տեղահանությունները բնորոշել որպես «ցեղասպանություն», սակայն իր նախագահության յոթ տարիների ընթացքում Օբաման դրժեց խոստումը՝ արժանանալով ամերիկահայ համայնքի կոշտ քննադատությանը։ Փոխարենը՝ Սպիտակ տան ղեկավարը յոթ տարի շարունակ ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս ուղերձով, որում 1915 թվականի հայերի կոտորածը բնորոշում է հայերեն «Մեծ եղեռն» բառակապակցությամբ:

«Թվում է, որ իր պաշտոնավարության մեկնարկից ի վեր Թուրքիայի ճնշումներին տեղի տվող նախագահ Օբաման իր պաշտոնավարությունը պետք է ավարտեր՝ կատարելով Հայոց ցեղասպանության մասին անկեղծորեն արտահայտվելու իր խոստումը»,- նշում է Համբարյանը՝ շարունակելով․ - «Նախագահ Օբաման, մինչդեռ, ցեղասպանության հարցում Թուրքիայի բերանը փակում է մի ժամանակահատվածում, երբ նույն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներ են իրականացվում: Դժբախտաբար, սա է նախագահ Օբամայի թողած ժառանգությունը` լռություն Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ներգրավվածություն և Ադրբեջանի ագրեսիվ բռնարարքների խրախուսում»։

Քննադատելով Սպիտակ տան ղեկավարի այդ քաղաքականությունը՝ ամերիկահայ գործիչը ընդգծում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դեմ հանդես գալու հարցում Օբամայի ցանկության բացակայությունը շատ վտանգավոր է, քանի որ նման կեցվածքը «Էրդողանին և Ալիևին դրդում է մեծացնել լարվածությունը և հայերի դեմ լայնամասշտաբ, արյունալի գործողություններ սկսելու իրական ռիսկ ստեղծում»:

Թեև ԱՄՆ-ի 50 նահանգներից 45ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, պաշտոնական Վաշինգտոնը դեռևս չի ընդունել այն։

Ցեղասպանությունը ճանաչելու՝ հրապարակային հնչեցրած խոստումների մասին նախօրեին Օբամային հիշեցրել է նաև Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր Ադամ Շիֆը։ Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի ամբիոնից՝ կոնգրեսական Շիֆը հայտարարել է․ - «Պարոն նախագահ, չկա ավելի բարձր բարոյական արժեք, քան ճշմարտությունն ասելը Ցեղասպանության ժխտման պայմաններում: Անկախ այն բանից, թե ինչ կասեք ապրիլի 24-ին, Թուրքիան Միացյալ Նահանգների հետ վարվելու է նույն կերպ, քանի որ Թուրքիայի համար կարևորն իր շահերն են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG