Մատչելիության հղումներ

Ամերիկացի փորձագետների պնդմամբ՝ ԻՊ-ում հայաստանցի զինյալ կա


«Իսլամական պետության» զինյալը Սիրիայի Ռաքքա քաղաքում, արխիվ
«Իսլամական պետության» զինյալը Սիրիայի Ռաքքա քաղաքում, արխիվ

Ահաբեկչական խմբավորման կազմում իր քաղաքացիների ներգրավվածության աստիճանով տարածաշրջանի միանձնյա առաջատարը Ադրբեջանն է:

«Միջազգային հանրության կողմից ահաբեկչական կառույց հռչակված «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում առնվազն մեկ հայաստանցի է ընդգրկված», - պնդում են ահաբեկչության խնդիրներով զբաղվող ամերիկացի փորձագետները:

Այս պնդումը տեղ է գտել Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր ռազմական ուսումնական հաստատության` Ուեսթ Փոյնթի ակադեմիային կից գործող «Ահաբեկչության դեմ պայքարի հետազոտական կենտրոնի» օրերս հրապարակած զեկույցում: 2003 թվականին ստեղծված այս կենտրոնի ռազմական վերլուծաբանների տրամադրության տակ են հայտնվել «Իսլամական պետության» (ԻՊ) մոտ 5 հազար մարտիկների կողմից լրացված հարցաթերթիկները, որոնք ամերիկյան կողմին է փոխանցել կազմակերպությունից դասալքած զինյալներից մեկը:

«Սա առաջին դեպքն է, երբ «Ւսլամական պետության» մարտիկների մասին նման ծավալի տեղեկատվություն է հայտնվում, այն էլ՝ բաց աղբյուրներում: Սա յուրատեսակ պատուհան է, որի շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել «Իսլամական պետության» ներսում կատարվող իրադարձությունների, դրա շարքերում մարտնչող զինյալների, մասնավորաբար օտարերկրացի իսլամիստների` նրանց տարիքի, կրթության մակարդակի, նաև սոցիալական ծագման և քաղաքացիության մասին», - նշում են զեկույցի հեղինակները:

«Իսլամական պետության» կազմում կռվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաև մյուս օտարերկրյա զինյալների անձնական տվյալները «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի» փորձագետները չեն հրապարակում՝ փոխարենը բավական մանրամասնորեն ներկայացնելով այլ պետություններից Իրաք և Սիրիա ժամանածների ընդհանուր պատկերը վերհանող մանրամասն վիճակագրությունը:

Զեկույցի համաձայն՝ ԻՊ-ի կազմում իր քաղաքացիների ներգրավվածության աստիճանով մեր տարածաշրջանի միանձնյա առաջատարը Ադրբեջանն է․ - «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի» տրամադրության տակ հայտնված մոտ 5000 անձնական գործերից 107-ը պատկանում են Ադրբեջանի քաղաքացիներին»:

Թվով 77 պետությունների քաղաքացիների ընդգրկող այս ցուցակում ադրբեջանցիները 9-րդ տեղում են` թվաքանակով զիջելով միայն Թունիսի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Թուրքիայի և մի շարք այլ խոշոր պետությունների ներկայացուցիչներին:

Նշենք, սակայն, որ ոչ պաշտոնական հաշվարկների համաձայն՝ «Իսլամական պետության» կազմում կռվող ադրբեջանցիների քանակը գրեթե կրկնապատիկ ավելին է: Անցած դեկտեմբերին բրիտանական Daily Telegraph-ը, վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարի արևմտյան մասնագետներին, գրում էր, որ Իրաքում և Սիրիայում առնվազն 216 ադրբեջանցի իսլամիստ ծայրահեղական կա` ընդգրկված «Իսլամական պետության» կազմում:

«Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի» փորձագետների ձեռքում հայտնված անձնական գործերից երկուսն էլ պատկանում են Վրաստանի քաղաքացիներին:

ԻՊ-ի կազմում կռվող Վրաստանի քաղաքացիների, նախևառաջ Պանկիսի կիրճի և Աջարիայի բնակիչների թիվը անհամեմատ ավելի մեծ է՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, կարող է հասնել 50-ի: Նրանցից ամենահայտնին «Իսլամական պետության» կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Թարխան Բատիրաշվիլին էր` Օմար աշ-Շիշանին: Ամերիկյան աղբյուրների պնդմամբ, վրացական բանակի նախկին կադրային սպա Բատիրաշվիլին զոհվել է մոտ մեկ ամիս առաջ` արևմտյան կոալիցիայի օդային հարվածի հետևանքով:

Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքացիներին, նրանց թիվը ևս «Իսլամական պետության» կազմում բավական մեծ է: «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի» տրամադրության տակ են հայտնվել «Իսլամական պետության» ազգությամբ թուրք 212 զինյալների անձնական տվյալները: Բրիտանական և ամերիկյան աղբյուրների տեղեկություններով, սակայն, «Իսլամական պետության» կազմում կռվող թուրքերի իրական թիվը տասնապատիկ ավելին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG