«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ազատ մամուլի նոր ինդեքսը։ Այս տարի Հայաստանը 4 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 74-րդ հորիզոնականը։
Մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը հետևում է թողել այնպիսի եվրոպական երկրների, ինչպիսին են Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, ինչպես նաև Ուկրաինան, Թուրքիան և Ադրբեջանը:
Զեկույցի հեղինակները ընդգծում են Հայաստանում հետաքննական լրագրության տարածվածության աճը, միևնույն ժամանակ նշում, որ հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծությունը շարունակում է սահմանափակ մնալ։
Չնայած դիրքերի բարելավմանը, այդուհանդերձ Հայաստանը, ըստ զեկույցի, խնդրահարույց երկրների թվում է։
Հայաստանի հարևաններից իրենց դիրքերը բարելավել են Վրաստանը և Իրանը, սակայն ի տարբերություն Վրաստանի՝ Իրանը վերջին հորիզոնականներում է։ Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հետընթաց արձանագրել։
Ռուսաստանը թեև մի քանի միավորով բարելավել է դիրքերը, սակայն մամուլի վիճակն այդ երկրում շարունակում է մտահոգել իրավապաշտպաններին։
Հետխորհրդային տարածաշրջանում մամուլի ազատության վիճակը ըստ կազմակերպության՝ աղետալի է։
«Բախվելով տնտեսական և պետական անվտանգության խնդիրների, ավտորիտար ռեժիմները գործի են դրել իրենց հին և ստուգված մեթոդները՝ ճնշումները», - ասվում է զեկույցում, - «163-րդ հորիզոնականը զբաղեցնող Ադրբեջանը և 157-րդ հորիզոնականը զբաղեցնող Բելառուսը վերջերս կրկին անցան իրենց սիրելի զբաղմունքին․ բռնվում են մտացածին սպառնալիքներից և պարծենում կայունությամբ, որպեսզի արդարացնեն սեփական իշխանությունը։ Այս ռեժիմները վաղուց խեղդել են դժգոհության ցանկացած դրսևորում, սակայն դրանով էլ չեն բավարարվել ու այժմ էլ բլոգերներին են շարքից հանում և անողոքաբար հալածում անկախ լրագրողներին»։
Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները աշխարհում մամուլի ազատության վիճակը խիստ մտահոգիչ են համարել։
«Շատ ռեժիմներ մոլեգնությամբ են ընդունում անկախ լրագրողների կողմից իրենց հասցեին հնչած քննադատությունը: Բռնապետ նախագահները կամ կառավարություններն օրենքի օգնությամբ ապահովագրում են իրենց ցանկացած քննադատությունից և նպաստում ինքնագրաքննության խորացմանն ու խեղդում քաղաքական ցանկացած քննարկում»,- հայտարարում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Միչել Ռեդիսկը՝ ընդգծելով․ - «Առավել գործուն և բանավիճային լրատվամիջոցներ անհրաժեշտ են հենց այնտեղ, որտեղ խնդիրներն ավելի սուր են»։