Մատչելիության հղումներ

ՀԲ տվյալներով, հայաստանցիների 76 տոկոսն աղքատ է  


Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի բնակչության 76 տոկոսի օրական եկամուտը չի գերազանցում 5 դոլարը: Ըստ այդմ՝ Հայաստանում 2 միլիոնից ավելի մարդ համարվում է աղքատ, քանի որ նրանց ամսական եկամուտը չի գերազանցում 72.000 դրամը:

«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015թ․» ծավալուն զեկույցում այս ցուցանիշը ներկայացված է «մեկ հայացքով» կոչվող (at a glance) հավելվածում, որտեղ աղյուսակներով առանձնացվել են 2014 թվականի աղքատության ցուցանիշները: Համաշխարհային բանկը որպես հիմք վերցրել է ՀՀ ԱՎԾ-ի տվյալները, ըստ որոնց, 2014-ին Հայաստանում աղքատության ցուցանիշը 30 տոկոս էր, սակայն, սեփական մեթոդաբանությամբ կատարած ճշգրտումների արդյունքում թվաբանական պատկերը զգալիորեն փոփոխվել է:

Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանի, նշված 5 դոլարը կամ դրան գերազանցող թիվը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներին բնորոշ ցուցանիշն է, որին Հայաստանում ոչ միշտ են ուշադրություն դարձրել: «Իսկ մենք իրականում միջին և ցածր եկամուտ ունեցող երկիր ենք, մեր նման երկրների համար հիմնական ցուցանիշը 2,5 դոլարն է մեկ շնչին»,- ասաց Սարգսյանը:

ՀԲ-ի մասնագետները հաշվարկել են նաև, թե հայաստանցիների քանի տոկոսն է ապրում օրական 2,5 դոլարով կամ ամսական 45 հազար դրամով: Ըստ այդմ՝ մինչև 45.000 դրամ եկամուտով ապրողները բնակչության 26 տոկոսն են կազմում: Այս թիվը մոտ է պաշտոնական տվյալներին՝ անցած տարի ԱՎԾ-ն աղքատության շեմ էր համարել 40․264 դրամ եկամուտը: Միջազգային կառույցը մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ էլ է նշել․ Հայաստանում բնակչության ընդամենը 3,22 տոկոսն է օրական 10 և ավելի դոլար ծախսում: ՀԲ-ում էլ դժվարանում են ասել՝ արդյո՞ք ամսական մոտ 150.000 դրամ եկամուտ ունեցողին կարելի է դասել միջին խավին:

«Թվում է՝ միջին խավի թեման մշտապես ակտուալ է եղել Հայաստանում, և ասենք, դեռևս տնտեսական և սոցիալական զարգացման առումով հսկայական աշխատանք կա անելու, որպեսզի այդ միջին խավը իսկապես ձևավորվի, կայանա և կարողանա ինչ-որ զարգացումների վրա նաև ազդեցություն ունենալ»,- նշում է ՀԲ ներկայացուցիչը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը վստահ է, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը 30 տոկոսից շատ ավելի բարձր է: Մասնագետը ծանոթ չէր Համաշխարհային բանկի մեթոդաբանությանը և դժվարանում էր ենթադրել, թե ինչ տրամաբանությամբ է ընտրվել յուրաքանչյուր շնչի հաշվարկով հենց 5 դոլարի ցուցանիշը, սակայն շեշտում է՝ բավական է 55 հազար դրամ արժողությամբ սպառողական զամբյուղը համադրել նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի հետ, որպեսզի հասկանաս, թե որքան տխուր է երկրում սոցիալական պատկերը:

«Ո՞ր գինն ենք մենք վերցնում որպես հիմք՝ ԱՎԾ-ի՞, թե՞ մտնում ենք խանութ ու տեղում փաստացի գնում անում: Վիճակագրական ծառայության տված թիվը մեր համար հիմք չէ, որովհետև միջինացված ինդեքսը որևէ ապրանքի համար, ասենք թե, տրված է 325 դրամը, բայց խանութում մենք այն ձեռք ենք բերելու ի վերջո 400 դրամով: Այսինքն՝ որոշակի իմաստով անհամատեղելի ցուցանիշներ ունենք»,- ասում է Պիպոյանը:

Համաշխարհային բանկի ներկայացրած այս տվյալներով մտահոգ էին նաև երևանցիները: 70-ից 75 հազար դրամով հնարավոր չէ ապրել,- «Ազատության» հետ զրույցում գրեթե միաբերան պնդում էին նրանք՝ հավելելով՝ ամեն օր թանկացող այս կյանքում առնվազն 200.000 դրամ է պետք, որպեսզի գոյատևես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG