Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը ԵԽԽՎ-ում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին


Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունենում ԵԽԽՎ ամբիոնից: 19-ը ապրիլի, 2016 թ․
Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունենում ԵԽԽՎ ամբիոնից: 19-ը ապրիլի, 2016 թ․

«Շփման գծում լարվածության աճը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոն չի կարող շարունակվել», - այսօր Ստրասբուրգում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Դավութօղլուն ընդգծել է, որ միջազգային հանրությունը և մասնավորապես Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները «պետք է զգուշացնեն Հայաստանին՝ դադարեցնել զինված պրովոկացիաները և զինադադարի խախտումները»:

Նա հայտարարել է, որ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ, աջակցում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ միևնույն ժամանակ հանդես գալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին:

«Մենք շարունակելու ենք սատարել Ադրբեջանին ադրբեջանական հողերի օկուպացիային րոպե առաջ վերջ դնելու հարցում», - հայտարարել է Դավութօղլուն:

Անդրադառնալով Թուրքիա - Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցին` սիրիացի փախստականների խնդրին, Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է բաց դռների քաղաքականություն վարել․ - «Մեր դռները, սահմանները և ամենակարևորը՝ մեր սրտերը միշտ բաց են հալածված և անմեղ մարդկանց համար: Մենք շարունակելու ենք այս մոտեցումը»:

Մինչդեռ նախօրեին Դավութօղլուն հայտարարել էր, թե Թուրքիան չի կատարի փախստականներին ապաստան տալու հարցում ստանձնած պարտավորությունները, եթե Եվրամիությունը ևս հավատարիմ չմնա տված խոստումներին: Նա հույս էր հայտնել, որ արդեն հունիս ամսին Թուրքիայի քաղաքացիների համար կպարզեցվի Եվրամիության վիզային համակարգը` սպառնալով հակառակ դեպքում հրաժարվել բոլոր պայմանավորվածություններից:

Ի դեպ, Ահմեթ Դավութօղլուն դարձել է առաջին թուրք վարչապետը, ով Եվրախորհրդի ամբիոնից ելույթ է ունեցել թուրքերենով, քանի որ թուրքերենը այսուհետ Վեհաժողովի աշխատանքային լեզուներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG