Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի բացթողումը


Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, ով Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։

«Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված փաստաթղթերում։ Նախարարը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին», - ասված է ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Անդրադառնալով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգելուն՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, և հույս հայտնել, որ մայիսի 20-ին ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի այդ բացթողումը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։

Ապրիլի 18-ին կայացել են նաև Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ` երկկողմ օրակարգի, ինչպես նաև եվրասիական տարածքի ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հարցերի շուրջ:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ ղազախական կողմից` ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևը:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման ներկա ընթացքն ու հեռանկարները: Այդ համատեքստում շեշտվեց արտաքին գերատեսչությունների համագործակցության կարևորությունը երկկողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում:

ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 19-ին Երևանում նախատեսվող ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ձևաչափով խորհրդատվություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG