Միջազգային բորսաներում այսօր առավոտյան նավթի գնի անկում արձանագրվեց այն բանից հետո, երբ Քաթարի մայրաքաղաք Դոհայում նախօրեին կայացած նավթարդյունահանող երկրները համաձայնության չեկան սահմանափակելու նավթի արդյունահանման ծավալները:
Մինչ այս նավթի գինը աճում էր, բայց այսօր առավոտյան արձանագրվեց վերջին երկու ամիսների կտրվածքով ամենացածր գինը:
Նյու Յորքի բորսայում նավթի գինը ընկավ ավելի քան 6,5 տոկոսով, մեկ բարելը գնահատվում էր 37,5 դոլար: Ռուսական ֆոնդային բորսաներում նավթի գինը այսօր առավոտյան ընկել է չորս տոկոսով: Նաթի գնանկումը իսկույն ազդեցություն է թողնում ռուսական արժույթի՝ ռուբլու վրա: Ռուբլին դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկվել է մոտավորապես 3 տոկոսով:
Ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել են նավթ արդյունահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի անդամ երկրները, բացառությամբ Իրանի, ինչպես նաև կազմակերպությանը չանդամակցող Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեքսիկան և Օմանը:
Նավթարդյունահանող 17 երկրների բանակցությունները ձախողված են համարվում, քանի որ համաձայնություն չկա սահմանափակելու նավթի արդյունահանումը ու արտահանումը միջազգային շուկա, ինչը կարող էր բարձրացնել նաթի գինը:
Ժամեր տևած բանակցություններից հետո Քաթարի էներգետիկայի նախարար Մոհամեդ բին Սալեհ ալ-Սադան մամուլի ասուլիսում ասել է. - «Ընդհանուր եզրակացությունն այն է, որ մենք OPEC-ի ներսում և կազմակերպությանը չանդամակցող նավթարդյունահանող երկրներում խորհրդակցությունների ավելի շատ ժամանակի կարիք ունենք»: Նա նշել է, որ համաշխարհային շուկայում ներկա պահին նավթի գինը «շարժվում է ճիշտ ուղղությամբ»:
OPEC-ում գլխավոր դերակատարը, աշխարհում նավթի ամենախաշոր արդյունահանող երկիրը՝ Սաուդյան Արաբիան Քաթարում կայացած համաժողովում ասել է, որ նավթի արդյունահանումը սահմանափակելու ցանկացած որոշում պետք է պարտադիր լինի OPEC-ի անդամ բոլոր երկրների համար:
Այնուամենայնիվ OPEC-ի անդամ Իրանը պնդում է, որ չի սահմանափակի նավթի արդյունահանումը, քանի դեռ չի հասել մինչև պատժամիչոցները ունեցած մակարդակին: Թեհրանը ցանկանում է օրական մեկ միլիոն բարել նավթ արդյունահանել, ինչպես նախկինում: Իրանը Դոհայի հանդիպմանը չի մասնակցել:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն երեկ ավելի ուշ ասել է, թե նավթի արդյունահանումը կրճատելու համաձայնության հասնելու հարցում Ռուսաստանը լավատես չէ՝ Քաթարի համաժողովի թեժ բանավեճերի և Իրանի դիրքորոշման պատաճառով:
Նովական ասել է, թե Մոսկվան կհետևի OPEC-ի անդամ երկրների դիրքորոշմանը, տեսնելու թե արդյոք նրանք կազմակերպության ներսում կարող են համաձայնել սահմանափակելու նավթի արդյունահանումը, որին կհետևեն անդամ բոլոր երկրները:
Ռուսաստանը աշխարհի երրորդ խոշոր նավթ արդյունահանող երկիրն է՝ Սաուդյան Արաբիայից ու Միացյալ Նահանգներից հետո:
Քաթարի էներգետիկայի նախարարը ասել է, որ OPEC-ի անդամ երկրները հունիսին կհանդիպեն Վիեննայում` նորից քննարկելու նավթի արդյունահանման ծավալները սահմանափակելու հարցը: