Մատչելիության հղումներ

Ռուբեն Բաբայան․ Ժամանակից հետ մնալու իրավունք չունենք


Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, արխիվ:
Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, արխիվ:

Երևանի Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ ժամանակակից հայ թատրոնը 21-րդ դարի թատրոն դառնալու մեծ ներուժ ունի:

«Այդ տեսակ թատրոնի ունենալու և՛ կարոտ ունենք, և՛ պահանջ ունենք, և՛ հնարավորություն ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը: - «Գավառը ոչ թե քո ապրելատեղում է, գավառը քո ուղեղում է: Կարելի է ապրել Լուվրի դիմաց և լինել գավառական մտածողությամբ [մարդ]»:

Բայց 21-րդ դարի թատրոն ունենալու համար կարգավորող օրենքները պիտի ոչ թե խոչընդոտեն, այլ նպաստեն ոլորտի զարգացմանը․ - «Թատրոնը, որպես ազատ ստեղծագործական էություն, պահանջում է իր կազմակերպչական ձևի մեջ մեծագույն ազատություն: Նրան հակացուցված է ստատիկ վիճակը՝ պաշտոններ, դրույքներ և այլն, և այլն: Դերասանն ընդունվում է հաստիքի, ինչպես փականագործը, և այլևս, ըստ Աշխատանքային օրենսգրքի, անկախ նրա կատարած աշխատանքից, դու չես կարող որոշակի փոփոխություն անել: Սա նաև արտադրություն է, որը շատ ազատ է և էքսկլուզիվ արտադրանք է տալիս»:

Բաբայանը չափազանց դժգոհ է պետական գնումների համակարգից․ - «Դա մի ահավոր բյուրոկրատիզմ է, որը պահանջում առանձին հաստիք այստեղ, որը պահանջում է ամեն մի մեխ առնելու համար տասնյակ հայցեր ներկայացնել․․․ Թատրոնները պետք է ֆինանսներ ծախսելու տեսակետից ազատություն ունենան: Դա չի նշանակում, որ թատրոնները պետք է դուրս լինեն վերահսկողությունից․ դրանք տարբեր բաներ են: Եկեք հետո, վերահսկեք, թե ինչպես է ծախսվել ամեն մի դրամը, բայց մի խեղդեք»:

Ռուբեն Բաբայանը տիկնիկային թատրոնը, որը իր իսկ նախաձեռնությամբ նաև մեծահասակների համար նախատեսված խաղացանկ ունի, ղեկավարում է արդեն 18 տարի, և հավաստիացնում է․ - «Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում [ղեկավարել թատրոնը] ադմինիստրատիվ տեսակետից, տարեցտարի ավելի ու ավելի շատ ես զբաղվում անիմաստ գործունեությամբ: Թղթագրությունը հասել է աներևակելի սահմանների, երբ որ ոչ թե գործն է կարևորվում, այլ այդ գործի զեկուցագիրը, թղթապանակը՝ թե ինչքանով է նա ծանր: Մեջտեղը կարող է գործ էլ չլինի: Սա Կաֆկա «Պրոցես»-ի պես մի բան է»:

Նա համոզված է, որ մենք ժամանակից հետ մնալու իրավունք չունենք․ - «Ընդհանրապես արվեստը և կրթությունը ամենաարագ փոփոխվող ոլորտներն են, ամենաշատ բարեփոխումներ պահանջողն են, որովհետև նրանք գործ ունեն այսօրվա պահանջի հետ, այսօրվա կյանքի հետ: Հենց որ հետ ես մնում, հենց որ փորձում ես ասել՝ է, գիտեք, իմ պապս էս տեսակ բան էր ասում․․․ Ախպեր ջան, պապդ էն ժամանակ ասում էր, լավ էր անում: Բայց դա պապդ էր ասում հարյուր տարի առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG