Մատչելիության հղումներ

Նավթ արտահանողներին չի հաջողվել համաձայնել արտահանման ծավալների շուրջ


Այս համատեքստում փորձագետները ռուսական ռուբլու արժեզրկման նոր ալիք են կանխատեսում:

Դոհայում նավթ արտահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումն ավելի քան 10 ժամ է տևել, սակայն, նրանք չեն կարողացել համաձայնեցնել փաստաթղթի վերջնական տարբերակը՝ ի վերջո որոշելով մեկ անգամ էլ հանդիպել առաջիկա հունիսին:

Անհամաձայնությունը, մասնավորապես, ծագել է հետևյալ հարցի շուրջ՝ արդյո՞ք այն երկրները, որոնց ներկայացուցիչները ներկա չեն Դոհայի հավաքին (օրինակ՝ Իրանը), նույնպես պետք է հետևեն ընդունվելիք փաստաթղթի դրույթներին:

Կատարի նավթի նախարար Մուհամեդ ալ Սահադը հայտարարել է, որ այսօր իրավիճակը նավթի շուկայում բարելավվել է և տարբերվում է փետրվարյան իրավիճակից, երբ նավթի արտահանման սառեցման մասին նախաձեռնությամբ հանդես էին եկել Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան և Կատարը, այսինքն՝ այն երկրները, որոնց տնտեսության հիմքում նավթի վաճառքն է: Կատարի նավթի նախարարը նաև հույս է հայտնել, թե նավթի գները կշարունակեն աճել և Դոհայի հանդիպման ձախողումն այդ միտումի վրա չի ազդի:

Որոշ փորձագետների դիտարկմամբ, Կատարի հանդիպման ձախողման պատճառ կարող են լինել նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև եղած քաղաքական լուրջ տարաձայնությունները: Կատարի հանդիպման նախօրեին ռուսական ռուբլին զգալիորեն ամրապնդել էր դիրքերը․ Մոսկվայում հանգստյան օրերին 1 դոլարն արժեցել է մոտ 65 ռուբլի, իսկ նավթի 1 բարելի գինը միջազգային շուկայում 45 դոլար էր: Որոշ վերլուծաբանների կարծիքով, առաջիկայում ռուբլին դարձյալ կսկսի արժեզրկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG