Մատչելիության հղումներ

«SOS Գյումրի». Ծրագրված 13-ի փոխարեն բնակարան ստացավ 23 ընտանիք


Նախաձեռնությամբ հեղինակները երկու նպատակ էին հետապնդում. մեկը գերակատարվել է, մյուսի ընդամենը մեկ տոկոսն է կատարվել։

Նախապես ծրագրված 13-ի փոխարեն 23 գյումրեցի անօթևան ընտանիք է վերջապես հնարավորություն ստացել ապրել նոր ու կահավորված բնակարանում։ Շուրջ չորս ամիս առաջ «SOS Գյումրի» նախաձեռնության սկսած միջազգային դրամահավաքի արդյունքը անակնկալ էր նույնիսկ դրա հեղինակների համար։

Երջանիկ բնակարանատերերից մեկը Վարդուհի Թադևոսյանն է, ով իր չորս անչափահաս երեխաների հետ Գյումրիի ավտոկայանի բանավանի՝ առանց կոմունալ պայմանների ու փտած հատակով տնակում էր ապրում, առնետների ու մկների հարևանությամբ։

«Տնակում դե բնակվելը, բնական է, որ արդեն ահավոր էր, արդեն լրիվ փտել էր, նույնիսկ շարժվելուց իրարից անջատվում էին։ Եսիմ, մկներով, կռիսներով լիքը տուն... չգիտեմ, օրերներս անցել է։ Արդեն Աստծո կամքով, թե Աստված էղնի բարերարների հետ, շնորհակալ ենք, որ ապահովեցին նման ընտանիքներին, ու ոչ մենակ ինձ, ինձանից ավելի վատերն էլ կային, որ արդեն նույնիսկ պոլերն էին հանել վառել: Եսիմ, լավ էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդուհի Թադևոսյանը։

«Երբ եկան նկարելու, մտածում էի՞ք, որ կունենաք բնակարան», - այս հարցին նա արձագանքեց. - «Չէ, չէի մտածում երբևիցե որ կարող է ինձ տուն ինչ-որ տան։ Քաղաքապետարանը գրանցել էին, բայց թե երբ, ինչ ձևի՝ էդ արդեն չգիտեի։ Անսպասելի բան էր, որ ասեց, որ տուն կա գնած ձեր անունով։ Էդ արդեն անսպասելի ուրախություն էր»։

Տասնամյակներով տնակում ապրած Վարդուհին ասում է՝ ինչ սոցիալական պայմաններում էլ հայտնվի, բնակարանը երբեք չի վաճառի։ «Երևի բոլորն էլ չեն անի նման բան, երբեք», - նշեց նա։

Գյումրիում երկրաշարժից 27 տարի անց 3 հազարից ավելի ընտանիքներ դեռ շարունակում են ապրել տնակներում։ Նրանց մեծ մասի նկատմամբ պետությունը բնակարանով ապահովելու պարտավորություն չունի, քանի որ երկրաշարժից անօթևանի կարգավիճակ չունեն։ Ահա այս մարդկանց խնդիրը լուծելու համար էլ գյումրեցի երիտասարդ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը սկսեց լուսանկարել տնակներում ապրող ընտանիքներին ու նկարները հրապարակել։

Բրիտանական կայքերից մեկի միջոցով 120 հազար ֆունտ հանգանակելու հնարավորություն էր ստեղծվել, և Հայկը լուսանկարները հրապարակեց այդ կայքում՝ նպատակ ունենալով հավաքվելիք գումարով 13 գյումրեցի ընտանիքների համար բնակարան գնել։

«Սկզբից մենք նախատեսել էինք 13 մեկսենյականոց չկահավորված տուն առնել, ուղղակի որպեսզի տայինք, իսկ հետո, երբ որ արդեն գումարը եղավ, մենք արդեն հնարավորություն ունեցանք, նախ և առաջ, ոչ թե 13, այլ 22-23 տուն տալ, ու ամենակարևորն այն է, որ այդ տները կլինեն մինիմալ կահավորանքով՝ կախված ընտանիքի ունեցվածքից», - «Ազատությանը» ասաց Հայկ Բարսեղյանը։

«Մեզ մի կազմակերպություն, դեռ անունը չեմ ուզում տամ, նաև իրենց հետ կապ ուներ գույքի առնելը, ասել էր՝ «եթե դուք գույքով ապահովեք տները բոլոր, մենք ևս հինգ բնակարան կավելացնենք», այսինքն՝ 23-ը, ամենայն հավանականությամբ, կդառնա 28: Եվ բացի դանից, ուրիշ լուրեր ունենք, որ ևս այլ մարդ ուզում է ևս 8 բնակարան առնի», - շարունակեց նա։

Հայկ Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ երբ ծրագիրն ավարտեն, հաջորդն ի՞նչ են անելու։ «Ծրագրային շարունակությունը կլինի քարտեզագրումը ավարտելը, կոպիտ ասած՝ էն հեռախոսի համարները, էն տվյալները, որոնք ունեմ, բոլորին պիտի այցելեմ՝ մինչև վերջին մարդը, հենց վերջին մարդուն այցելեցի՝ երևի մենք արդեն անցնենք մեր ուրիշ գործերով ու այդ տվյալներն էլ կհանձնենք իշխանությանը՝ թող տեսնեն, պատասխաններ տան», - ասաց նա։

Այս ծրագիրը, Բարսեղյանի խոսքով, ուներ երկու նպատակ. - «Մեկը իշխանություններին կարգի հրավիրելն է, որ իրենք անեն այն, ինչ պիտի անեին, երկրորդն էլ՝ դա էլ այդ նպատակին հասնելու համար այս մեթոդով, ցույց տալով՝ մենք ինքներս կարող ենք անենք։ Երկրորդ կետով, հա, եղել է, մի բան էլ գերակատարել ենք, բայց ընտանիքների թիվը, ավելի ճշգրիտ ասեմ՝ ծայրահեղ վիճակում գտնվող, տնակներում ապրող 1400 հոգի է Գյումրիում, մնացած այն 3 հազարը դեռ մի քիչ իրենց յոլա տանում են։ Ու այն կետը, թե արդյոք իշխանությունը ինքն իրեն կարգի հրավիրել է այս հարցում, իհարկե՝ չէ, լրիվ չենք հասել մեր նպատակին, նույնիսկ, ասենք, հասել ենք հարյուրից մեկ տոկոսին, այդ մեկ տոկոսն էլ արտահայտվել է իրենց կողմից ինչ-որ չափ իբր վերաբերմունքով։ Բայց ես կարծում եմ, որ դա ուղղակի «թռնելու» տարբերակ է եղել, քան՝ օգնելու...»։

Ի դեպ, առաջիկայում «SOS Գյումրի»-ին նվիրված իրերն են աճուրդի դրվելու։ Հայկ Բարսեղյանն ասում է, որ երկու բավականին թանկարժեք լոտեր կլինեն։

«Երկու հատ կոնկուրենտ թանկ լոտ ունենք. մեկը «Բարսելոնա»-ի դրոշակն է 2009 թվի՝ բոլոր թիմի ստորագրություններով, մյուսը «Ռեալ» Մադրիդինն է, բայց ինձ թվում է՝ «Ռեալ»-ինը ավելի թանկ կլինի, որովհետև «Ռեալ»-ինը շատ կոնկրետ այս ծրագրի համար է եղել՝ «Ռեալ» Մադրիդի մայեչկեն, որի վրա ամբողջ թիմն է ստորագրվել, ու գրված է էդտեղ իսպաներեն, որ Գյումրու անօթևանների համար է, ինքը հաստատ ավելի, ինձ թվում է,արժեքավոր է»։

Աճուրդից ստացված գումարները ևս կուղղվեն բնակարանների ձեռքբերմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG