Մատչելիության հղումներ

Իրավապահները որոնում են Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետած անձին


Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

«ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան բակի ուղղությամբ նռնակ նետվելու մասին ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական ու այլ անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին, և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվել դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ։ «Պարզվել է ավտոմեքենայի մակնիշն ու գույնը։ Ներկայումս օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով քննության արդյունքների մասին տեղեկույթ տրամադրել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG