Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի ընդդիմախոսները վտանգ են տեսնում իշխանության առաջարկներում


Ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանությունների առաջարկը՝ ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը, ոչ թե կբացառի, այլ կհեշտացնի ընտրակեղծարարությունը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր կազմակերպված հանրային քննարկման ժամանակ համոզմունք հայտնեց, որ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ իշխանությունը փորձում է համոզել, թե լուծում է տալիս ընդդիմության և քաղաքացիական հասարակության հինգ պահանջներին, մինչդեռ, նրա խոսքով՝ «ընդդիմությունը սա ընկալում է որպես քողարկված միջոց՝ մերժելու մեր հինգ առաջարկները»:

Ընդդիմադիրներն ու քաղհասարակության ներկայացուցիչները զրուցել են մասնագետների հետ ու, Զուրաբյանի խոսքով, եկել եզրակացության, որ էլեկտրոնային համակարգի ներմուծումը ոչ թե կբացառի, այլ կհեշտացնի ընտրակեղծարարությունը։

«Ընդ որում՝ դա անելով շատ ավելի նուրբ ձևերով, այդ ընտրակեղծարարության մեջ ընդգրկելով մարդկանց շատ ավելի նեղ շրջանակ», - նշեց Զուրաբյանը:

4+4+4 ձևաչափում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կարծիքով, իշխանությունը տարբերակներ է փնտրում ստորագրված ընտրացուցակները չհրապարակելու համար։

«Բոլոր այս էլեկտրոնային նորարարությունները ուղղված են, ըստ էության, նույն հարցին՝ մեր կողմից բարձրացվող՝ ստորագրված ցուցակների հրապարակման հարցը չեզոքացնելուն», - ասում է Եգորյանը:

Ընդդիմության և քաղհասարակության փաստարկներին հակադարձելով՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է՝ էլեկտրոնային համակարգը հինգ պահանջների չբավարարումը քողարկելու համար չէ։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում իշխանությունը պատրաստ է ներկայացնել իր դիրքորոշումը։ Հարությունյանի խոսքով՝ թեև ստորագրված ընտրացուցակների հրապարակման պահանջը մերժում են, սակայն իշխանությունը դրանց առաջարկում է ծանոթանալ քվեարկության հաջորդ օրը։

«Եթե վստահված անձինք կամ դիտորդները դիմում գրեն ընտրական հանձնաժողովին, ապա նրանց կտրամադրվի տեղամաս առ տեղամաս՝ ոչ պաշտոնական տիտղոսաթերթի վրա, այլ սովորական թղթի վրա, այն տեղամասերը, որոնք իրենց հետաքրքրում են, թե որ համարներն են մասնակցել քվեարկությանը», - անդրադառնալով ստորագրված ցուցակների հրապարակմանը՝ պարզաբանեց Հարությունյանը:

Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանն իշխանությունը դեմ չէ, եթե գտնվի գործընթացն ապահովող դոնոր կազմակերպություն։ Մատների թանաքոտմանը դեմ է, փոխարենն առաջարկում է մատնահետքերի նույնականացման համակարգ: Այսպես կոչված ռեյտինգային քվեարկությունը չեղարկելու առաջարկը ևս իշխանությունը չի ընդունում։

Իշխանությունը դեմ չէ ընտրացուցակները մաքրելու առաջարկին, որը ենթադրում է երկու ցուցակի կազմում՝ հանրապետությունում գտնվողների ու ենթադրաբար երկրից բացակայողների, սակայն այս գործընթացին չեն պատրաստվում մասնակցել։ Լևոն Զուրաբյանը անընդունելի է համարում սա։ «Սա սաբոտաժ է, սա մենք չենք համարի առաջարկի ընդունում», - ասում է նա:

4+4+4 ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը։ Օրենքի նախագծի փոփոխված տարբերակն Ազգային ժողովին է ներկայացվելու ապրիլի 18-ին։

«Հաջորդ հանդիպմանը կա՛մ կներկայացվի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ փաթեթային լուծում, կա՛մ մենք կհայտարարենք, որ կոմպրոմիսի գալ չհաջողվեց», - այսօրվա քննարկման ժամանակ հայտարարեց Լևոն Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG