Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գրոյսմանը՝ Ուկրաինայի նոր վարչապետ


Վլադիմիր Գրոսյման, արխիվ
Վլադիմիր Գրոսյման, արխիվ

Գրոյսմանի թեկնածության հաստատմանն արդեն դրականորեն են արձագանքել Ֆեդերիկա Մոգերինին և Անգելա Մերկելը: Ռուսաստանի նախագահը ևս արձագանքել է՝ հույս հայտնելով, որ նոր վարչապետը կգործի «պրագմատիկ և սեփական ժողովրդի շահերին համապատասխան»:

Այսօր Ուկրաինայի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում ընտրեց Վլադիմիր Գրոյսմանին: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 257 պատգամավոր, դեմ՝ 50-ը: Վարչապետի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 226 կողմ քվեն: Գերագույն Ռադան նաև քվեարկությամբ ընդունեց արդեն նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը:

38-ամյա Գրոյսմանը մինչ այդ Գերագույն Ռադայի նախագահն էր, վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն: Նոր ձևավորվելիք կառավարության կազմում Պորոշենկոն միաժամանակ առաջադրել է արտգործնախարարի և պաշտպանության նախարարի թեկնածուներին՝ առաջարկելով այդ պաշտոններում թողնել գործող նախարարներին՝ Պավել Կլիմկինին և Ստեպան Պոլտորակին: Երեկ երեկոյան Գրոյսմանը համաձայնել էր գլխավորել Ուկրաինայի կառավարությունը:

Երկրի խորհրդարանում այսօր ելույթներ ունեցան Ուկրաինայի նախագահը, նախկին վարչապետն ու նոր վարչապետը: Կառավարության նոր ղեկավար Վլադիմիր Գրոյսմանն իր ելույթում նշել է, թե իր ղեկավարությամբ կառավարությունը անհանդուրժող է լինելու կոռուպցիայի հանդեպ, ինչպես նաև՝ շարունակելու է ամրապնդել կապերը Եվրոպայի հետ:

«Ես հասկանում եմ, թե ինչ սպառնալիքներ են մեր դեմ ծառացած: Մասնավորապես, կցանկանայի ընդգծել դրանցից երեքը՝ կոռուպցիա, կառավարման անարդյունավետություն և պոպուլիզմ: Սրանք պակաս սպառնալինքեր չեն, որքան թշնամին՝ արևելյան Ուկրաինայում»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ևս խորհրդարանում խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի «ծայրահեղ կարևորության» մասին՝ բարելավելու համար երկրում ներդրումային միջավայրը: Նա ևս ընդգծել է, որ նոր կառավարությունը շարունակելու է Եվրոպայի հետ սերտորեն ինտեգրվելու քաղաքականությունը:

Անցած կիրակի Ուկրաինայի արդեն նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին: Փետրվարին խորհրդարանը անվստահություն էր հայտնել Յացենյուկի կառավարությանը, բայց վերջինս հրաժարական չէր տվել: Դրանից հետո, որպես բողոքի նշան՝ երկու քաղաքական ուժեր լքել էին իշխող կոալիցիան: Յացենյուկի կառավարությունը վերջին շրջանում հայտնվել էր սուր քննադատության թիրախում՝ տնտեսական իրավիճակի վատթարացման և բարեփոխումների դանդաղ ընթացքի պատճառով:

Նախագահ Պորոշենկոն խորհրդարանականներին հորդորել էր ստեղծել նոր կոալիցիա և ընդունել Յացենյուկի հրաժարականը՝ հայտարարելով, որ իր թեկնածուն Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանն է: Այսօր Գրոյսմանի թեկնածությանը կողմ քվեարկեցին նաև Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» խմբակցությունն ու Պետրո Պորոշենկոյի բլոկը: Մեկնաբանները նշում են՝ սա նշանակում է, որ նոր կառավարության կազմի շուրջ երկու քաղաքական ուժերը համաձայնության են եկել:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն ողջունել են վարչապետի պաշտոնում Գրոյսմանի հաստատումը: Մերկելն ասել է, թե դա Կիևի քաղաքական անկայուն փուլն ավարտելու հնարավորություն է: Նա Կիևին նաև հորդորել է արագացնել բարեփոխումների ընթացքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կազմակերպված հեռուստակամրջի ժամանակ հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր կառավարությունը կգործի «պրագմատիկ և սեփական ժողովրդի շահերին համապատասխան», առանց «ֆոբիաներով առաջնորդվելու» ու «արտաքին որոշ կառույցներին տուրք տալու փորձերի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG