Մատչելիության հղումներ

Երևան է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երևան, հուլիս, 2015 թ․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երևան, հուլիս, 2015 թ․

Նիկոլայ Բորդյուժան, հիշեցնենք, ապրիլի առաջին օրերի ռազմական գործողությունների ժամանակ բավարարվեց միայն ընդհանուր բնույթի հայտարարություններով:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն ընդունել է Բորդյուժային: Նախարարությունը ընդամենը փոխանցում է, որ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության հաղորդագրության համաձայն, երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան հանդիպելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանն այժմ նախագահում է այդ կազմակերպությունում:

Փաստորեն հրապարակավ միակ աջակցությունը, որ ռազմական գործողությունների ընթացքում ստացավ Հայաստանը՝ շուրջ քառորդ դար գտնվելով Ռուսաստանի նախաձեռնած ռազմական այդ դաշինքում, արտահայտվեց Բորդյուժայի մամուլի խոսնակի մակարդակով․ ապրիլի 2-ին ռուսաստանյան Интерфакс լրատվական գործակալության հետ զրույցում Վլադիմիր Զայնետդինովը հայտարարեց․ - «Ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով։ Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրման»։

Ավելի հստակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը արտահայտվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինության վաճառքի առնչությամբ՝ պաշտպանելով Կրեմլի շահերը: 2013-ի հունիսին «Ազատության» հարցին՝ ի՞նչ կարող է ասել այն կապակցությամբ, որ ՀԱՊԿ անդամ երկրները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, մեծաքանակ զինտեխնիկա են վաճառում իրենց դաշնակից Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին, Բորդյուժան արձագանքել էր․ - «Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան և տնտեսությունը: Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներին զենքի վաճառքի դեպքում (Դուք հարցնում եք Ադրբեջանի մասին), որոշման հիմքում նախևառաջ դրվում է ուժերի հավասարակշռության պահպանումը Կովկասում: Եվ այս գլխավոր սկզբունքն է հաշվի առնվել ձեր հարևան Ադրբեջանին զենքի վաճառքի ժամանակ»:

ՀԱՊԿ հիմնարար փաստաթուղթը հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 1-ի համաձայն՝ «անդամ-պետությունները մաս չեն կազմի այնպիսի ռազմական դաշինքների, կամ պետությունների այնպիսի խմբավորման, կամ չեն իրականացնի այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այլ անդամ-պետության դեմ»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, հարձակողական սպառազինություն վաճառելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանին, Ռուսաստանը կոպտորեն խախտել է դաշնակցային պայմանագիրը․ - «Ռուսաստանը, ցավոք սրտի, կարծեք թե չի էլ գիտակցում, որ այս թեստը չափազանց մեծ գին կարող է արժենալ իր համար, որովհետև իր ստեղծած և իր գլխավորած անվտանգության համակարգը, որը անվանվում էր «պուտինյան ՆԱՏՕ» կամ հավակնում էր դառնալ ՆԱՏՕ-ին համարժեք մի բան, պարզապես արդեն իսկ գոյություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG