Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին


ԱՄՆ-ի և Ադրբեջանի զինծառայողները ՆԱՏՕ-ի զորավարժության են մասնակցում Բաքվի մերձակայքում, արխիվ
ԱՄՆ-ի և Ադրբեջանի զինծառայողները ՆԱՏՕ-ի զորավարժության են մասնակցում Բաքվի մերձակայքում, արխիվ

Ամեն տարի ամերիկյան կառավարությունը որպես ռազմական օժանդակություն մոտ 3 միլիոն դոլար է հատկացնում Ադրբեջանին։

Միացյալ Նահանգներում գործող հայկական ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին, հետաքննել ադրբեջանական զինուժի հանցագործությունները և ըստ այդմ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի անվտանգության ուժերի պատասխանատու անձանց արդարադատության առաջ կանգնեցնելու ուղղությամբ։

«Ազատության» հետ զրույցում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը նշեց, որ Սպիտակ տանն ու երկրի օրենսդիրներին ուղղված կոչի հիմքում Միացյալ Նահանգներում գործող Լեհիի օրենքն է։

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատոր Փաթրիք Լեհիի հեղինակած օրենքը, մասնավորապես, օգնում է վերահսկել ամերիկացի հարկատուներից գոյացած միջոցների օգտագործումը, տվյալ դեպքում՝ ռազմական ոլորտներին հատկացվող աջակցությունը։

Օրենքը արգելում է ռազմական օժանդակություն տրամադրել այն երկրներին, որտեղ անպատժելիորեն խախտվում են մարդու իրավունքները, որոնց իշխանությունները պատերազմական հանցագործություններ են հեղինակում, հարձակումներ իրականացնում խաղաղ բնակչության դեմ։

«Հստակ է, որ այս պարագայում, որ Ալիևի կառավարության ժամանակ տեսել ենք [Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ] Սաֆարովի հարցը, տասը տարի առաջ որ ոչ միայն քայլեր չձեռնարկեց դատապարտելու Սաֆարովին, այլև երբ որ իրեն արտահանձնեցին Ադրբեջանին, նույնիսկ նրան ավելի բարձր վարձատրեցին ու որպես հերոս պատվեցին։ Այսպիսի նախադեպ կա։ Հավելյալ քայլեր արել ենք այս վերջին՝ ապրիլի 2-ից 7-ի բախումների ժամանակ, և միտքը հստակ է, որ հետախուզություններ տեղի ունենան այս օրենքի շրջանակներում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չուլջյանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը համոզված է՝ Սպիտակ տունը Ադրբեջանի վերջին հարձակումներն ուսումնասիրելու դեպքում կհամոզվի, որ Լեհիի օրենքի հիշատակումը տեղին է, և ժամանակն է զրկել Բաքվին տարեկան մի քանի միլիոն դոլարի ամերիկյան օգնությունից։

«Ամեն տարի ամերիկյան կառավարությունը որպես ռազմական օժանդակություն մոտ 3 միլիոն դոլար է տալիս Ադրբեջանին, և ինչ էլ լինի՝ լինի մասնագետներ, փորձագետներ ուղարկելով թրեյնինգների համար, կամ տարբեր միջոցների համար, այդ գումարը չպետք է գնա, այդ գումարները ընդհանրապես օժանդակում են Ադրբեջանի կառավարության ռազմական ուժին, այդ ուժն օգտագործվում է Արցախի դեմ բարբարոս այս տեսակի ակտեր անելու համար, և ուրեմն՝ այդ օժանդակությունը պետք է կրճատվի», - ընդգծեց Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակը։

Նախագահ Օբամային և օրենսդիր մարմնին ուղղված նամակում հանձնախմբի անդամները ահազանգում են ադրբեջանական զինուժի կողմից նորագույն զենքերի կիրառման մասին, որի հետևանքով, ինչպես նշվում է, ոչ միայն սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այլև եղել են բազմաթիվ մարդկային զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

Հայ դատի հանձնախումբը մատնանշում է Թալիշ գյուղի տարեց բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններն ու երեք հայ ազգի զինվորների գլխատումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG