Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստան, իմ սեր» հոլիվուդյան ֆիլմը հանրությանը կներկայացվի հինգշաբթի երեկոյան` Փասադենայի Laemmle Playhouse 7 կինոթատրոնում: Այս մասին գրում է The Los Angeles Times թերթը` նշելով, որ կինոնկարի գլխավոր դերակատարներից մեկն է ծնունդով երևանցի Շաքե Թուխմանյանը:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասանուհին, ով 1980 թվականից ի վեր բնակվում է Լոս Անջելեսում, ամերիկյան թերթի թղթակից հետ զրույցում նշում էր․ - «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ֆիլմի նկարահանումներին: Սա կարծես ողջ աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչմանը հասնելու [ևս մեկ ջանք] լինի: Ողջ աշխարհը գրեթե հարյուր տարի շարունակ մոլորության մեջ էր` կարծելով, թե Ցեղասպանություն չի էլ եղել»:
Ամերիկահայ դերասանուհին «Հայաստան, իմ սեր» ֆիմում մարմնավորում է Անուշ անունով հայուհու կերպարը, ում ընտանիքը, The Los Angeles Times-ի բնորոշմամբ, «ցեղասպանության արդյունքում կորցնում է իր տունը, այնտեղ երջանիկ ու խաղաղ ապրելու հնարավորությունը»:
Ֆիլմի ռեժիսորը ռումինական ծագում ունեցող Դայան Էնջելսոնն է, ով նշում է, որ կինոնկարի մտահղացումը ծագել է Կալիֆորնիայում բնակվող իր հայ ընկերների հետ շփման արդյունքում:
«Հայաստան, իմ սեր» ֆիլմը բացահայտում է այն դաժան իրողությունները, որոնց հետևանքով հայ ժողովուրդը բռնի կերպով զրկվեց հայրենիքից: Այս ֆիլմի ուղերձներն են սերը, հույսը, հավատը, հաստատակամությունը և ուժը, որոնք ի վերջո պետք է գերակա արժեքներ դառնան», - նշել է կինոնկարի ռեժիսորը պրեմիերայից առաջ տարածած հատուկ հայտարարության մեջ:
«Ֆիլմի` Փասադենայում այսօր կայանալիք ցուցադրմանը կհաջորդի նկարահանող խմբի անդամների հանդիպումը առաջին հանդիսատեսների հետ», - գրում է The Los Angeles Times-ը` հավելելով, որ ուրբաթ օրն արդեն «Հայաստան, իմ սեր»-ը կցուցադրվի Գլենդեյլի և Նորթ Հոլիվուդի կինոթատրոններում: