Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Մենք կարիք ունենք գրեթե բոլոր հարցերում վերանայել մեր դիրքորոշումը


Իշխող քաղաքական ուժի ղեկավար անդամը, այդուհանդերձ, դեմ է կտրուկ քայլերին:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիքով, Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Ռուսաստանի հետ համագործակցի բացառապես փոխշահավետ պայմաններով:

Հայաստանին, ըստ նրա, հարկավոր է «ուղիղ հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի և մնացածի հետ՝ զարգացնել իր տնտեսություն, իր անվտանգությունը»:

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) դեմ է կտրուկ քայլերին: Նա վստահ է, որ Ռուսաստանի նախաձեռնած կառույցները լքելը Հայաստանի շահերից չի բխում: Նրա խոսքով՝ կարելի է հստակեցնել հայ-ռուսական օրակարգը:

«Այս տարածաշրջանում կա երկու բանակ՝ թուրքական բանակը և ռուսական բանակը: Ռուսական բանակի, ռուսական ուժի այլընտրանքը Թուրքիան է: Իսկ մենք տեսել ենք, երբ որ թուրքական բանակը մենակ է մնացել այստեղ, ինչ է կատարվել», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Հանրապետականի խոսնակը:

Ընդդիմադիր «Ժառանգություն»-ում կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային են: Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Հայաստանին անվտանգության այլընտրանքային դաշնակիցներ են պետք, որոնց թվում նա նշեց Եվրամիությունն ու Իրանը:

Փոստանջյանն առաջարկում է ռազմավարական դաշնակիցների հետ խոսել իրենց իսկ լեզվով․ եթե ռուս պաշտոնյաներն ասում են, թե Ադրբեջանին զենքի վաճառքն ընդամենը բիզնես է, հայկական կողմն էլ թող գումար պահանջի Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման համար․ - «Ռազմաբազան եթե տեղակայվում է, ապա, նախ, պետք է ունենա իր գինը: Գինը պետք է լինի շոշափելի դրամական տեսքով»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, օրինակ, կարծում է, որ հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ: «Բանակցություններում Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը», - հայտարարել է Հայաստանի առաջին նախագահը:

Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, այսօր հայտարարեց, որ «Ժառանգության» մարտավարությունն այս ընթացքում չի փոխվելու․ - «Քանի դեռ մենք ունենք քաղբանտարկյալներ, ոչ լեգիտիմ իշխանություն, կոռուպցիոներների լայն զանգվածներ կառավարման համակարգի մեջ, որի պատճառով նաև մենք մեր քաջ զինվորների արյամբ հատուցեցինք, ակնհայտ է, որ ուղղակի աջակցության խոսքերով դա անիմաստ է դառնում»:

Էդուարդ Շարմազանովը ծայրահեղ գնահատականների կողմնակից չէ, բայց փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է: Սակայն չի հստակեցնում, թե երբվանից իշխանությունը կնախաձեռնի այդ փոփոխությունները:

«Այո, մենք կարիք ունենք գրեթե բոլոր հարցերում վերանայել մեր դիրքորոշումը: Ավելի նպատակային ծախսերի խնդիր կա», - ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան - Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը՝ Շարմազանովը կարծիք հայտնեց, թե պետության համար վճռական փուլում առաջին նախագահն իրեն պահեց որպես պետական մտածողություն ունեցող գործիչ: «Տա Աստված, երկրորդ նախագահն էլ նրանց միանա», - հայտարարեց Տեր-Պետրոսյանին բազմիցս «քաղաքական թոշակառու» անվանած Շարմազանովը:

Այդ մասին լրագրողներից մեկի հիշեցմանը ՀՀԿ-ի խոսնակը արձագանքեց․ - «Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ: Ես քննադատել եմ բացառապես, և խոսքը միայն Տեր-Պետրոսյանին չի վերաբերում, բոլորի երևույթները: Իսկ այսօր ես էլի երևույթն եմ գնահատում․ արժանի է հարգանքի, դա պետական մտածողություն է, որը դրսևորեց առաջին նախագահը»:

Շարմազանովն այսօր անդրադարձավ նաև ղարաբաղա-ադրբեջանական վերջին սրացումների օրերին Թուրքիայի պահվածքին․ - «Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որը ուղղակիորեն արդարացրել և արդարացնում է Ադրբեջանի բոլոր վայրագությունները: Բանը հասել է նրան, որ նրանք փորձում են իրենց արտգործնախարարի շուրթերով այս հակամարտությանը տալ կրոնական բնույթ: Այստեղ և՛ եվրոպական քաղաքակրթությունը, և՚ ամերիկյան, և՛ ռուսական պետք է շատ ուշադիր լինեն: Պետք է հստակ պրեսինգի ենթարկեն: Երկրորդ «Իսլամական պետությո՞ւնն» ենք ուզում»:

XS
SM
MD
LG