Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը տուգանվեց՝ սպառողներից հավելյալ գումար գանձելու համար


ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքով, ընկերությունը պարտավոր է փոխհատուցել բոլոր այն քաղաքացիներին, որոնցից հաշվիչների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով հավելյալ գումար է գանձել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր 5 միլիոն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ էլեկտրոնային հաշվիչներում տեղ գտած ժամային շեղումների բազմաթիվ փաստերի համար: Այդ շեղումները շտկելու համար ընկերությանը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը ժամանակ տրվեց:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքով, ՀԷՑ-ը պարտավոր է վերահաշվարկ կատարել և փոխհատուցել այն քաղաքացիներին, որոնցից հաշվիչների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով հավելյալ գումար է գանձել: «Եթե տվյալ դեպքում, այս խախտման պարագայում, բաժանորդը դիմի և վերահաշվարկ պահանջի, իրենք պարտավոր են դա անել: Յուրաքանչյուր առանձին դեպքի համար էլ պարտավոր ենք տարբերակված մոտեցում ցուցաբերել»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

Նազարյանը հավելեց՝ քաղաքացիները կարող են դիմել հանձնաժողով, եթե նրանց կողմից ընկերությանն ուղղված գանգատները համարժեք արձագանք չստանան: Եթե քաղաքացուն հանձնաժողովի միջամտությունն էլ չբավարարի, նա կարող է դիմել դատարան:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն այսպես արձագանքեց տուգանքի մասին որոշմանը՝ այն, ինչ ներկայացվեց, իրականություն է, այդ իսկ պատճառով հանձնաժողովի հարուցած վարույթի ժամանակ ընկերությունը որևէ հակափաստարկ չի ներկայացրել: «Ընկերությունը պարտավորվում է որոշակի ժամկետում կատարել առաջին՝ բոլոր էդ ժամային գրաֆիկների ուղղումները, երկրորդ՝ բոլոր ստացված դիմումների մասով առանձին անհատական որոշումներով մեր ընկերության բողոքարկումների հատուկ հանձնաժողովի միջոցով կատարել վերահաշվարկներ․․․»:

Հանձնաժողովի նիստից հետո գլխավոր տնօրենին հարցրինք՝ հաշվիչների ժամային շեղումների պատճառով որքա՞ն է կազմել քաղաքացիներին պատճառված ընդհանուր վնասը: Վերջինս պատասխանեց, թե հաշվարկ չունեն: Իսկ թե ինչպե՞ս է պատահել, որ ընկերությանը պատկանող հաշվիչները սկսել են զանգվածաբար սխալ տվյալներ ներկայացնել, և հնարավո՞ր է, որ դա կազմակերպված բնույթ է կրել, այս հարցերին գլխավոր տնօրենն այսպես արձագանքեց․ - «Դա թելադրված է զուտ տեխնիկական խնդիրներով և հավատացած եմ, որ դա չի կարող որևէ անձի միջամտության խնդիր լինի»:

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որի գրությունը ևս հաշվի է առնվել ՀԾԿ հանձնաժողովում ՀԷՑ-ի դեմ վարույթ սկսելու համար, լրագրողներին ասաց, որ տեղի ունեցածն անպատասխանատու մոտեցման արդյունք է: «Չեմ կարծում, որ ընկերությունը միտումնավոր է արել, բայց տեղական մակարդակում, տեսուչների մակարդակում դա հնարավոր է, որովհետև այդ մակարդակում, մենք լսում ենք, որ ինչ ասես՝ արվում է»,- ասաց Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG