Մատչելիության հղումներ

Երևանում է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական բալետի թատրոնը


Այսօր և վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում աշխարհահռչակ բալետային խումբը կներկայացնի «Աննա Կարենինա» բալետը` Բորիս Էյֆմանի բեմադրությամբ:

Երկօրյա հրուրախաղերը հնարավոր են դարձել «Կադանս» պրոդյուսերական-երաժշտական կենտրոնի ղեկավար Նիկա Բաբայանի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Էյֆմանը արդեն եղել է Հայաստանում, մենք երեք տարի առաջ բերեցինք: Այն, ինչ մենք տեսել ենք, դա ուզում ես, որ կրկնվի և կրկնվի: Որովհետև այսպիսի արվեստը պետք է ներկայացվի ժողովրդին: Ինքը շատ զբաղված մարդ է, մեծ հաջողություններ ունի ամբողջ աշխարհում: Իհարկե, իրեն բերելը Հայաստան հեշտ չէր, բայց իր սերը հայերի հանդեպ շատ մեծ է, հատուկ վերաբերմունք ունի: Ես համոզված եմ, որ ինքը միշտ կգտնի հնարավորություն գալ Հայաստան նորից ու նորից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիկա Բաբայանը:

Լրագրողների հետ հանդիպմանը, դասական և մոդեռն բալետային արվեստի համեմատական գնահատական տալու՝ «Ազատության» խնդրանքին ի պատասխան Բորիս Էյֆմանն ասաց․ - «Մոդեռնը այն հիմքն է, որի վրա է կառուցվում այսօրվա դասական բալետային թատրոնը: Մենք հենց մոդեռն բալետի տեխնիկական հնարավորություններով ենք հասնում բարձրագույն արվեստին»:

Նա չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե «երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են»՝ ասելով․ - «Ոչ: Ինչպե՞ս կարելի է լռեցնել Պուշկինին: Հենց մուսաները իրենց բարձր ձայնով պետք է լռեցնեն թնդանոթները: Մուսաները պիտի ճչան իրենց ամբողջ ձայնով: Այլ կերպ անհնար է լռեցնել թնդանոթները, հարկավոր է արվեստով հակազդել այն մարդկային ագրեսիային, որը նաև մարդու էությունն է և չի ոչնչանում դարեր շարունակ: Մարդու մեջ ամեն ինչ կա՝ և՛ չարություն, և՛ ագրեսիա, և՛ բարություն: Մարդը և՛ գազան է, և՛ երեխա: Եվ ինչ-որ կերպ մարդու մութ ու սև բնազդները լռեցնելու համար պիտի աշխարհը ողողել արվեստով, մուսաներով»:

Աշխարհահռչակ բալետմեյստերը ցավով ու ափոսանքով շեշտեց, որ մեր օրերում անտեսված է մշակութային դիվանագիտությունը, գրեթե չի կիրառվում: Մինչդեռ, Էյֆմանի համոզմամբ, արվեստի և մշակույթի միջոցով թերևս հնարավոր կլինի ապահովել ամենատարբեր երկրների ու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG