Մատչելիության հղումներ

Հրազդանում քարոզչության վերջին շաբաթը դեռ բուռն չի ընթանում


Ղարաբաղյան հակամարտության սրացման պատճառով քաղաքապետի երեք թեկնածուներն էլ դադարեցրել էին նախընտրական հանդիպումները:

Չնայած, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանն այժմ գտնվում է Ղարաբաղում, նրա համակիրները՝ նախընտրական շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերսկսել են հանդիպումները:

«Եթե ռազմական դրություն լիներ Հայաստանում, ընտրություններ տեղի պիտի չունենային: Իսկ ընտրությունները եթե պիտի տեղի ունենան, ուրեմն մենք ամեն ինչ պետք է անենք այդ ընտրություններում հաղթելու համար: Ունենք անհրաժեշտ մեխանիզմները՝ ընտրողների տված քվեները արձանագրելու։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Սասուն Միքայելյանի հաղթելու շանսերը շատ-շատ մեծ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը:

Արդեն 14 տարի Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող հանրապետական Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի ղեկավար, Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանի փոխանցմամբ՝ իրենք քարոզչությունը վաղն են վերսկսելու․ - «Մենք ընդամենը լուռ շփվելու ենք մեր բնակիչների հետ՝ հարգելով մեր զոհերի հիշատակը: Ուղղակի բնակիչներին կոչ ենք անելու, որ այդ իրադրության մեջ պահպանենք քաղաքի կայունությունը, պահպանենք քաղաքի կայուն կառավարումը»:

Այժմ արձակուրդում գտնվող Մարգարյանը վստահեցրեց, որ գործող քաղաքապետը 14 տարիների ընթացքում հող է նախապատրաստել քաղաքի վերջնական բարեկարգման համար․ - «Դանիելյանը նախորդ 14 տարիների ընթացքում, բոլորի համար ակնհայտ է և բոլորի համար տեսանելի, որ կատարել է բոլոր խորքային, հիմնային, բոլոր ելակետային աշխատանքները, որ հնարավորություն կտա հաջորդ 4 տարում այդ բազայի հիման վրա կառուցել և ավելի նկատելի պրոցեսների, ավելի նկատելի բարեկարգման բերել քաղաքը»:

Ըստ հանրապետական թեկնածուի ներկայացուցչի՝ քաղաքապետը, օրինակ, քաղաքի ջրամատակարարումն է ավարտին հասցրել, ինչի պատճառով հնարավոր չի եղել ասֆալտապատում իրականացնել և բարեկարգել Հրազդանի քանդված ճանապարհները:

Նիկոլ Փաշինյանը համամիտ չէ․ - «Իրենք հակասում են իրենց հայտարարություններին, որովհետև ես լսել եմ Արամ Դանիելյանի հարցազրույցը, որտեղ նա պնդում է, որ լավ էլ ասֆալտապատումներ իրականացրել է: Մարդը 14 տարվա քաղաքապետ է, բայց չի տիրապետում ո՛չ միայն քաղաքի տնտեսության, այլև իր բուկլետում գրած թվերին: Եվ սա շատ բանի մասին է ասում: Մինչև օրվա վերջ կարող եմ Ձեզ շենքեր ցույց տալ, թե մարդիկ ինչ վիճակում են ապրում: Մարդիկ իրենց տները լքում են ոչ թե նրա համար, որ ուզում են արտագաղթեն, այլ որովհետև այդ տներում հնարավոր չէ ապրել»:

Հրազդանի քաղաքապետի երրորդ թեկնածուն՝ նախկին «Օրինաց երկիր», այժմ վերակազմավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը համոզված է, որ ինքը հաղթելու է:

Ըստ Միսակյանի՝ ինքն այլ մակարդակի քարոզչություն է իրականացնում, առանց աղմուկի ու շոուների․ - «Ամեն օր տեսնում եմ մարդկանց վստահող հայացքները: Ամեն օր լսում եմ մարդկանց ջերմ խոսքերը: Եվ, բնականաբար, դրանից ոգևորվում եմ, դրանից ինձ շատ լավ եմ զգում: Ինչքան գնում է, այնքան վստահ եմ դառնում, որ ընտրություններում ունենալու եմ շատ մեծ հաջողություն: Այն վիճակը, որ մենք ունենք այս քաղաքում, չի բավարարում հազարավոր հրազդանցիների»:

Չնայած Հրազդանը աղետի գոտում չի եղել, այդուհանդերձ, այստեղ ևս կա տնակային թաղամաս: Ավելի քան 20 տարի տնակներում բնակվող հրազդանցիների խոսքով, իրենց գոյության մասին ընտրությունից ընտրություն են հիշում: Այս անգամ էլ քաղաքապետարանից խոստացել են, որ մինչև ընտրություն նրանց թույլ կտան սեփականաշնորհել իրենց տնակների հողն ու շինությունները, սակայն՝ ապարդյուն:

«Խոսք են տվել, որ մինչև ընտրություն գալու են չափուձև անեն, ամեն մեկին իրա տարածքը տան: Ո՞ւր ա: Ընտրություններին հաշված օրեր են մնացել: Քանի տարի քաղաքապետ ա, մի անգամ ո՛չ ինքը, ո՛չ իրա ժողովրդից մեկը չի եղել դոմիկի ժողովրդին ասի՝ ինչի՞ կարիք ունես», - «Ազատությանը» ասաց հրազդանցի մի կին՝ շարունակելով․ - «Էսօր հինգ հազար դրամով խաբի․․․ Էդ հինգ հազարը բերեց, ասեց՝ դու մի օր էրեխու բերանը փակի․․․ Բա չորսը տարի իմ էրեխու բերանը ո՞նց եմ փակելու»:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն գալիք կիրակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG