Մոսկվայում ԱՊՀ-ի արտգործնախարարների հավաքի մասնակիցները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ:
«ԱՊՀ-ում խորը մտահոգությամբ են հետևում ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հանգեցրած ռազմական բախումների մասին հաղորդումներին:
Հակամարտության կողմերին կոչ ենք անում՝ խստորեն պահպանել ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ մարդկային նոր զոհերից խուսափելու համար:
Հարկ է հնարավորինս արագ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղված իրավիճակի կայունացմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սահմանած սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանը»,- նշված է ԱՊՀ արտգործնախարարների հայտարարության մեջ: