Մատչելիության հղումներ

Ընտանիքը յոթ օր է լուր չունի զինծառայող որդուց


Կոտայքի մարզի Բջնի գյուղից բանակ զորակոչված 18-ամյա Կարեն Ներսիսյանի ընտանիքը արդեն յոթ օր է որդուց լուր չունի։ Հարազատները, չցանկանալով տեսագրվել, պատմեցին, որ 8 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղ զորակոչված Կարենը շփման գծում քառօրյա թեժ բախումների առաջին օրը դիրքերում է եղել, ապրիլի 2-ին ընտանիքը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Հարազատների ունեցած կցկտուր տեղեկություններով՝ լուր չկա նաև Կարենի հետ դիրքեր բարձրացած մյուս զինվորներից։

Բջնիի գյուղապետ Արմեն Մաթևոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ողջ գյուղով անհամբեր սպասում են Կարենի վերադարձին։ Զինվորի հայրն ընկերների հետ մեկնել է Ղարաբաղ, բայց դեռ հստակ տեղեկություններ չի հաղորդում։

«Վերջին տեղեկություններով, ասում են, որ բոլորն էլ դիրքերում են եղել և դիմակայել թշնամու ոտնձգություններին: Հայրը երեկ գնաց Ջաբրայիլ, դեռ տեղեկություն չունենք: Միևնույն է՝ ցանկացած տեղեկություն պիտի ստանանք պաշտպանության նախարարությունից։ Մնացածը զրույցներ են։ Մենք իրեն սպասում են»,- ասաց Մաթևոսյանը:

Պաշտոնական տվյալներով, հայկական կողմը 21 անհետ կորած զինվոր ունի։ Առայժմ որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվում նրանց ճակատագրերի մասին։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ հայկական կողմը ադրբեջանցի գերիներ չունի։ Ադրբեջանական կողմը դեռևս չի հաղորդում իր տարածքում հայ գերիների մասին։

«Եթե լիներ, մենք կասեինք, բրիֆինգի ժամանակ էլ կասեինք: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, գերիների հարցով համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, և եթե գերի է ընկնում, անմիջապես Կարմիր Խաչին տեղեկացնում ենք»,- ասաց Բաբայանը:

Բաբայանը նշեց, որ հայկական կողմն իր տարածքում հակառակորդի դիակներ ունի, որոնք պատրաստ է փոխանցել Ադրբեջանին։ ԼՂ նախագահի խոսնակը նաև տեղեկացրեց, որ թե՛ անհետ կորածների, և թե՛դիակների փոխանակման հարցով հայկական կողմը գործընթաց է սկսել։

«Մենք իհարկե, մեր կողմում ունենք դիակներ, գործընթացը կգնա, կտեսնենք ինչ ենք անում։ Դա պրակտիկա է, իմ ասելով չի, այդ գործընթացը ընթանում է նույնիսկ պատերազմի թեժ ժամանակներում։ Հիմա այդ գործընթացը դեռ սկզբնական մասում է, նախ պետք է ճշտվեն այդ անհայտ կորածների ցուցակները»,- հայտնեց Բաբայանը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ կազմակերպությունը, պատրաստակամ լինելով աջակցել հակամատության կողմերին, այժմ զբաղված է թե անհետ կորածների, և թե դիակների փոխանակման հարցերի շուրջ կողմերի հետ երկխոսությամբ։ Կազմակերպությունն այլ մանրամասներ չի հրապարակում, մասնավորապես, թե արդյոք ադրբեջանական կողմը ևս պատրաստակամ է հայկական կողմին հանգամանալից տեղեկություններ տրամադրել իր տարածքում հավանական գերիների ու դիակների մասին։

«Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «վերջին ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողների ճակատագիր պարզելու համար Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհետ կորածների հանձնաժողովը հետաքննություն է սկսել պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ միասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG